կարևոր
1414 դիտում, 5 ժամ առաջ - 2026-11-07 15:16
Հասարակություն

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 35-ամյա Յաշա Ա․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին քաղաքացիները իրենց անձնական ավտոմեքենայով տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Գալստյանը և Տարոն Հակոբյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «Թալին» բժշկական կենտրոնում որպես բժիշկ։