կարևոր
193 դիտում, 28 րոպե առաջ - 2026-11-06 20:42
Հասարակություն Քաղաքական

Սրանք այլևս ոչ մի կերպ չեն կարողանում թաքցնել իրենց ատելությունն ազգային արժեքների հանդեպ. Գառնիկ Դանիելյան

Սրանք այլևս ոչ մի կերպ չեն կարողանում թաքցնել իրենց ատելությունն ազգային արժեքների հանդեպ. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.

«Եթե մենք էդքան խաչքար տեղադրելու փոխարեն էդքան արտահանում անեինք, մեր երկիրը էսօր շատ ավելի հզոր կլիներ, այս ընթացքում մեր քաղաքացիները շատ ավելի բարեկեցիկ կապրեին»։

Այս տխմարագույն հայտարարության հեղինակը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է։

Արդեն գրեթե ամենօրյա ռեժիմով այս իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունների ու գործողությունների թիրախում է հայտնվում մեր ինքնությունը։ Սրանք այլևս ոչ մի կերպ չեն կարողանում թաքցնել իրենց ատելությունը ազգային արժեքների հանդեպ։

Նշեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ իշխանության ներկայացուցիչների կողմից խաչքարը դառնում է նմանօրինակ արտահայտությունների թիրախ։ Երկու տարի առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր երեխաների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել խաչքարերին՝ ասելով.

«Մեծ խաչքարեր կապենք երեխաների ոտքից, ասենք՝ դե քարշ տվեք, որովհետեւ Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք: Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞»։

Այսպիսի արտահայտությունները պարզապես տգիտության հետևանք չեն։ Խաչքարը հայ ժողովրդի պատմական հիշողության, քրիստոնեական հավատքի, մշակույթի և ազգային ինքնության խորհրդանիշներից է։ Այն արտահանման ցուցանիշների հետ հակադրելը ազգային արժեքների նշանակությունը արժեզրկելու վտանգավոր միտում է։

Տնտեսական զարգացումն ու ազգային արժեքների պահպանումը միմյանց հակասող երևույթներ չեն։ Մենք կարող ենք և՛ արտահանել, և՛ ներդրումներ բերել, և՛ զարկ տալ տնտեսության զարգացմանը, և՛ պահպանել մեր պատմական ու հոգևոր ժառանգությունը։

Հայկական խաչքարը տնտեսական զարգացման խոչընդոտ չէ։ Մեր ազգային ինքնությունն ու պատմական հիշողությունը սակարկության առարկա չեն։ Խնդիրը ոչ խաչքարի, ոչ եկեղեցու, ոչ էլ Արարատի մեջ է․ մեր պետականությանն ու ազգային ինքնությանը սպառնացող վտանգը ձեր վարած քաղաքականությունն է։

Ցավոք, մեր կրոնական զգացմունքները նվաստացնող այսպիսի հայտարարությունները վաղուց զարմանալի չեն մի իշխանության պարագայում, որի ներկայացուցիչները Թուրքիայում մզկիթ են մտնում՝ հանելով կոշիկները։

Հարյուրավոր վանքեր ու խաչքարեր հանձնելուց հետո հիմա էլ փորձում եք արժեզրկե՞լ դրանք մեր հայրենակիցների աչքում։ Չի՛ ստացվելու։

Խաչքարերը կմնան։ Հայկական ինքնությունը կմնա։ Իսկ դուք կմնաք պատմության մեջ որպես մի իշխանություն, որն ուրացավ ազգային արժեքները, ոտնատակ տվեց պետական շահը և ծառայեց թշնամուն։

Նկարը՝ ԱԲ»։