կարևոր
1075 դիտում, 5 ժամ առաջ - 2026-11-07 14:57
Քաղաքական

ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանի տրամաբանությունը․ Կարեն Խանլարյան

ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանի տրամաբանությունը․ Կարեն Խանլարյան

Երկու կետ կա ՀՀ անկախության հռչակագրում, որոնք ներկայացվում են մեզ, որպես Թուրքիա-Ադրբեջան սրբազան եղբայրակցության գլխավոր «մտահոգություն»։ Առաջին հիմնադրույթն է․ «․․․ Հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա», և երկրորդը՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Ահա երկու կետերն են՝ Արցախ վերամիավորումն ու Արևմտյան Հայաստանի հարցը՝ Հայոց ցեղասպանության տարազումով։

ՀՀ հռչակագիրին հղում է արվել ՀՀ 1995թ․, 2005թ․ և 2015թ․ Սահմանադրություններում հետևյալ դրույթով․ «Հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»։ ՀՀ Սահմանադրական Դատարանը սակայն իր առանձին որոշմամբ, 2024թ․, հաստատագրել է, որ․ տվյալ «դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»։ Այլ խոսքով՝ ե՛ւ Արցախի վերամիավորման ե՛ւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերը բոլորովին օրակարգային բնույթ չունեն ՀՀ արտաքին քաղաքականության մէջ, հետրաբար բոլորովին էլ պարտադիր չեն ՀՀ դիվանագիտության համար։

ՍԴ-ի սույն տրամաբանությունը երևան է գալիս պատմական առնվազն մի քանի դեպքում․ 1․ Լևոն Տեր Պետրոսյանի նախագահության ժամանակ, երբ նա պնդում էր, որ Հայոց ցեղասպանության հարցը մաս չի կազմում ՀՀ արտաքին քաղաքականության, 2․ ՄԻՆՍԿ-ի խմբի բանակցային ողջ գործընթցում, երբ միայն Արցախի ինքնորոշումն էր սեղանին դրուած եղել և ոչ թէ՝ վերամիավորումը, 3․ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, երբ հայ-թուքական նախաստորագրված պրոտոկոլների հիման վրա՝ «առկայ սահման»-ը ճանաչվում էր, որպես հայ-թուրքական օրինավոր սահման և Հայոց ցեղասպանության խնդրի լուծումը տեղափոխվում էր պատմաբանական յանձնախմբի մակարդակ, 4․ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում, երբ ՀՀ իշխանությունները Արցախը պաշտոնապես ճանաչեցին, որպես Ադրբեջանի մաս, և վերջնականապես հրաժարվեցին Հայոց ցեղասպանության հետապնդումից ու մինչև անգամ հարցականի տակ դրեցին այն։

Անկախ նշուած փաստերի քաղաքական գնահատականից, պետք է եզրակացնել, որ ՀՀ սահմանադրության հղումը ՀՀ անկախության հռչակագրի «հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին», պրակտիկայում ցայժմ որևէ խոչնդոտ չի ստեղծել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի մէջ և որևէ պարտադրանք չի առաջացրել Հայաստանի դիվանագիտական գործունեության համար։ Ըստ այնմ չկայ Անկախության հռչակագրի հանելու անհրաժեշտությունը։ Սա փայլուն գիտեն Թուրքիան ու Ադրբեջանը և դժվար թե ՄՏԱՀՈԳՎԱԾ լինեն դրանից։

Շան գլուխը այլ տեղ է թաղված։ Այն ինչ նկարագրվում է, որպես «մտահոգություն», իրականում թուրք-ադրբեջանական եղբայրակցության ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔՆ է՝ նրանք չեն ձգտում խաղաղության հասնել Հայաստանի և հայության հետ։ Նրանք ռազմավարական իրենց ախորոժակները չեն ցանկացել և չեն ցանկանում սահմանափակել խաղաղության, միչև իսկ կապիտուլացիայի պայմանագրերով։ Խաղաությունը նրանց համար ընդամենը մարտավարական փորձված և հաջողված հնարք է վերարտադրելու համար իրենց դաշնակցի՝ Փաշինյանի իշխանությունը։ ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանը և ՀՀ հռչակագրի «մահախոսականը» տվյալ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻ բեմականացումներն են։

 

Կարեն Խանլարյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,

Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր