|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սյունիքի նշանակությունը Հայաստանի համար չի սահմանափակվում նրա սահմանային դիրքով։ Մարզի ռազմավարական արժեքը պայմանավորված է նրանով, որ այն գտնվում է մի քանի հաղորդակցային ուղղությունների հատման և փոխկապակցման գոտում։ Մի կողմից՝ Սյունիքը Հայաստանի անմիջական կապն է Իրանի հետ և, այդպիսով, երկրի հարավային ցամաքային ելքը դեպի իրանական հաղորդակցային համակարգ, Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս։ Մյուս կողմից՝ հենց այս տարածքով է նախատեսվում ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը՝ Բաքվի կողմից հետևողականորեն առաջ մղվող քաղաքական օրակարգի շրջանակում։ Այդ օրակարգում Սյունիքը դիտարկվում է ոչ միայն որպես տրանսպորտային կապի հնարավոր ուղի, այլև որպես ռազմավարական տարածք, որի միջոցով Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև վերահսկվող, անխոչընդոտ ցամաքային կապի ձևավորումը կարող է էապես փոխել Հարավային Կովկասի ուժային հավասարակշռությունը և դրա բնույթը։ Ավելի լայն ռազմավարական հաշվարկում Սյունիքը Հյուսիս–հարավ հաղորդակցային համակարգի առանցքային հանգույցներից մեկն է՝ գտնվելով Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի քաղաքական, անվտանգային, հաղորդակցային ու տնտեսական շահերի հատման գոտում։
Հետևաբար, Սյունիքի իրական ռազմավարական արժեքը պետք է դիտարկել ոչ թե որևէ առանձին ճանապարհի կամ երթուղու գոյությամբ, այլ տարբեր հաղորդակցային համակարգերը միմյանց կապելու և դրանց միջև փոխլրացվող ուղղություններ ձևավորելու հնարավորությամբ։ Այդ պայմաններում Սյունիքի գործունակությունը միաժամանակ կարող է նշանակություն ունենալ մի քանի հաղորդակցային ուղղությունների համար՝ ձևավորելով տարբեր դերակատարների տնտեսական և ռազմավարական շահերի փոխկախվածության համակարգ։ Այսինքն՝ Սյունիքի արժեքը որոշվում է ոչ այնքան անցնող ճանապարհների թվով կամ հոսքերի ծավալով, որքան այն հանգամանքով, որ նրա գործունակությունը կարող է պայմանավորել մի քանի հաղորդակցային ուղղությունների արդյունավետությունը և դրանց միջև կապը։ Հենց այս հանգամանքն է սահմանային տարածքը հաղորդակցային հանգույցից վերածում ռազմավարական հանգույցի։
Սակայն աշխարհագրական և հաղորդակցային նման դիրքավորումն ինքնին դեռևս պետության համար իրացված ռազմավարական առավելություն չի ստեղծում։ Հաղորդակցային հանգույցի ռազմավարական արժեքը աշխարհաքաղաքական ազդեցության է վերածվում միայն այն դեպքում, երբ պետությունը կարողանում է իր աշխարհագրական դիրքը ներառել անվտանգության, տնտեսական և արտաքին քաղաքականության փոխկապակցված հաշվարկի մեջ և դրա շուրջ ձևավորվող փոխկախվածությունները ծառայեցնել սեփական ռազմավարական նպատակներին։ Այս իմաստով Սյունիքի խնդիրը միայն այն չէ, թե ինչ հաղորդակցություններ կարող են անցնել Հայաստանի տարածքով, այլև՝ թե Հայաստանը ինչպես է կարող այդ դիրքը վերածել այնպիսի գործոնի, որի նշանակությունը հաշվի կառնվի տարածաշրջանային դերակատարների ռազմավարական հաշվարկներում։
Հենց այս տեսանկյունից է Հորմուզի նկատմամբ Իրանի ռազմավարական հաշվարկը կարևոր համեմատական հենք դառնում։ Հորմուզի և Սյունիքի ռազմավարական համեմատությունը պետք է կառուցել ոչ թե նրանց աշխարհագրական դիրքերի նմանության, այլ այդ դիրքերը ռազմավարական առավելության վերածելու տարբեր տրամաբանությունների վրա։ Հորմուզի դեպքում Իրանի առավելությունը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ երկրի հարավային ափամերձ դիրքը նրան հնարավորություն է տալիս ազդեցություն ունենալ միջազգային ծովային հաղորդակցության համար կենսական նշանակություն ունեցող նեղուցի նկատմամբ, որի անխափան գործունակությունից կախված են արտաքին դերակատարների տնտեսական և էներգետիկ շահերը։ Սյունիքի դեպքում իրավիճակն էապես այլ է։ Այստեղ ռազմավարական արժեքը չի պայմանավորվում որևէ հաղորդակցային ուղղության նկատմամբ աշխարհագրորեն բացառիկ դիրքով, այլ ձևավորվում է տարբեր հաղորդակցային համակարգերի փոխկապակցման և դրանց փոխլրացման հնարավորությունից։
Հորմուզի օրինակը ցույց է տալիս, որ աշխարհագրական առավելությունն ինքնին դեռևս աշխարհաքաղաքական ազդեցություն չի ստեղծում։ Աշխարհաքաղաքական ազդեցություն ձևավորվում է այն ժամանակ, երբ պետությունը կարողանում է այդ առավելության հիման վրա ստեղծել փոխկախվածությունների այնպիսի համակարգ, որի պայմաններում այլ դերակատարների ռազմավարական հաշվարկներն այլևս չեն կարող շրջանցել նրա շահերի հաշվառումը։ Իրանի դեպքում Հորմուզի նշանակությունն առավելապես հենց այս մեխանիզմով է վերածվում աշխարհաքաղաքական ազդեցության. նեղուցի գործունակությունից արտաքին դերակատարների կախվածությունը մեծացնում է Իրանի հնարավորությունը՝ ներգործելու նրանց տնտեսական, էներգետիկ և ռազմավարական հաշվարկների վրա։
Սյունիքի դեպքում այս տրամաբանությունը պետք է իրագործվի այլ ճանապարհով։ Հայաստանը չունի Հորմուզի պես բնական chokepoint և չի կարող իր ռազմավարական նշանակությունը կառուցել որևէ հաղորդակցային ուղղության նկատմամբ բացառիկ վերահսկողության վրա։ Այստեղ առավելությունը պետք է ձևավորվի տարբեր երթուղիների և հաղորդակցային համակարգերի փոխկապակցման միջոցով՝ այնպես, որ Սյունիքի գործունակությունը դառնա միաժամանակ մի քանի դերակատարների և հաղորդակցային ուղղությունների շահերի կարևոր պայման։ Այդ նպատակով Սյունիքի զարգացումը չպետք է սահմանափակվի որևէ առանձին նախագծի կամ տարանցիկ երթուղու սպասարկմամբ։ Խնդիրը հաղորդակցությունների այնպիսի համակարգի ձևավորումն է, որտեղ Հյուսիս–հարավ և Արևելք–արևմուտք ուղղությունները ոչ թե մրցակցում, այլ փոխլրացնում են միմյանց՝ ընդլայնելով Հայաստանի ռազմավարական մանևրի հնարավորությունները և նվազեցնելով մեկ ուղղությունից կամ մեկ դերակատարից կախվածության ռիսկը։
Այս մոտեցման դեպքում Սյունիքի ռազմավարական արժեքը որոշվում է ոչ միայն նրա տարածքով անցնող հոսքերի ծավալով կամ ստեղծվող տնտեսական հնարավորություններով և եկամուտներով, այլև այն դերով, որ նրա գործունակությունն ունի տարածաշրջանային հաղորդակցային համակարգի արդյունավետության համար։ Հենց այստեղ է գծվում տարանցիկ տարածքի և ռազմավարական հանգույցի միջև սկզբունքային սահմանը։ Տարանցիկ տարածքը սպասարկում է արդեն ձևավորված հոսքերը, մինչդեռ ռազմավարական հանգույցը պետությանը հնարավորություն է տալիս իր տարածքային դիրքի միջոցով ներգործելու դրանց ուղղության, հարաբերակցության և զարգացման վրա։ Հետևաբար, Հայաստանի ռազմավարական խնդիրը չի սահմանափակվում հաղորդակցային կապերի գործարկմամբ և զարգացմամբ. դրա առանցքը այնպիսի փոխկապակցվածության ձևավորումն է, որի պայմաններում Հայաստանի շահերի հաշվառումը կդառնա տարածաշրջանային դերակատարների ռազմավարական հաշվարկների անհրաժեշտ բաղադրիչ։
Այս տրամաբանությամբ Հայաստանի համար առավել շահավետը որևէ արտաքին ուժի կամ հաղորդակցային նախագծի գերակայությունը չէ, այլ այնպիսի համակարգի ձևավորումը, որտեղ տարբեր դերակատարների շահերը հատվում են Հայաստանում՝ առանց որևէ մեկի համար հայկական տարածքը վերածելու բացառիկ ռազմավարական գոտու։ Այդ հավասարակշռության հիմքում պետք է լինի ոչ թե որևէ ուղղության գերակայությունը, այլ տարբեր հաղորդակցային կապերի փոխլրացումը, որը միաժամանակ մեծացնում է Հայաստանի դերը ձևավորվող համակարգում և պահպանում է նրա ռազմավարական ընտրության հնարավորությունները։
Այսպիսով, Հորմուզի գլխավոր դասը Սյունիքի համար դրա մոդելի կրկնությունը չէ, այլ աշխարհագրական դիրքը ռազմավարական առավելության, իսկ դրա հիման վրա՝ աշխարհաքաղաքական ազդեցության վերածելու սկզբունքը։ Հորմուզում այդ ազդեցությունը ձևավորվել է արտաքին դերակատարների կախվածության հիման վրա, մինչդեռ Սյունիքի դեպքում այն կարող է առաջանալ տարբեր հաղորդակցային համակարգերի փոխկապակցումից և դրանց միջև ձևավորվող փոխադարձ կախվածություններից։ Հայաստանի ռազմավարական խնդիրը, հետևաբար, Սյունիքի աշխարհագրական դիրքը պարզապես օգտագործելը չէ, այլ այնպիսի հաղորդակցային ճարտարապետության ձևավորումը, որի պայմաններում Հայաստանի տարածքի գործունակությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը դառնան տարբեր տարածաշրջանային համակարգերի բնականոն գործունեության կարևոր պայման։ Այդ դեպքում Սյունիքը կդադարի լինել պարզապես տարանցիկ տարածք և կվերածվի Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը ամրապնդող ռազմավարական գործոնի։
Շարունակելի
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ