Միասին կարող ենք
կարևոր
559 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-31 14:12
Հասարակություն

Սերգեյ Վարդանյան. Համշենի արքան՝ գիտության, հիշողության և ազգային ժառանգության պահապանը

Սերգեյ Վարդանյան. Համշենի արքան՝ գիտության, հիշողության և ազգային ժառանգության պահապանը

Արդեն մեկ տարի է, ինչ մեզ հետ չէ իմ շատ սիրելի Սերգեյ Վարդանյանը։

Անհավատալի է... Ժամանակն առաջ է շարժվում, բայց դեռ դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ այլևս չենք լսելու նրա ձայնը, նրա կատակները, չենք տեսնելու նրա անկեղծ ժպիտն ու լուսավոր ներկայությունը։

Հայագետ, բանահավաք, ազգագրագետ, արձակագիր, լրագրող Սերգեյ Վարդանյանը, սակայն, շարունակում է ապրել մեր սրտերում, մեր հոգիներում և մեր հուշերում։ Ինձ համար նա հայ գիտնականի բացառիկ տեսակ էր՝ այն հազվագյուտ մտավորականներից, որ երբեք չձգտեց փառքի, կոչումների կամ տիտղոսների։ Փոխարենը՝ տարիների իր անխոնջ ու նվիրված աշխատանքով նա մեզ և գալիք սերունդներին թողեց անգնահատելի գիտական ժառանգություն, որի արժեքը ժամանակի ընթացքում միայն ավելի է մեծանում։

Բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ Սերգեյ Վարդանյանը բազմիցս արժանացել է բարձր գնահատանքի՝ հայագիտության զարգացման գործում ունեցած իր նշանակալի ներդրման համար։ Դեռևս 1982 թվականին «Գարուն» ամսագրում հրապարակված նրա «Համշենցիները՝ ծանոթ և անծանոթ» հոդվածը, կարելի է ասել, ի լուր աշխարհի բացահայտեց Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո Սև ծովի հյուսիսային ափերին՝ Աբխազիայում և Կրասնոդարի երկրամասում սփռված համշենահայերի գոյությունն ու պատմությունը։ Ընդհանրապես, նրա յուրաքանչյուր ուսումնասիրություն, որը վերաբերում էր Համշենի բարբառին, պատմությանն ու մշակույթին, նոր բացահայտում էր՝ գրված գիտական բացառիկ բծախնդրությամբ, փաստերի հանդեպ մեծ պատասխանատվությամբ և աղբյուրագիտական հարուստ հենքով։

Իմ կյանքի մեծ բարեբախտություններից եմ համարում այն, որ Սերգեյ Վարդանյանի մասին լսել էի դեռ մանկուց։ Հայրիկիս՝ բարբառագետ Սուրեն Սահակյանի հետ գաղափարական ընկերներ էին։ Նրանք «Պիոներ» ամսագիրն իրենց հոդվածներով վերածել էին ազգային դաստիարակության իրական և ազդեցիկ հարթակի։ Սերգեյ Վարդանյանի կոչով բազմաթիվ դպրոցականներ իրենց տատիկ-պապիկներից գրառեցին Երկրից բերած հեքիաթներ, զրույցներ ու հիշողություններ, իսկ հայրիկս երեխաներին հասկանալի և հետաքրքիր լեզվով հրատարակում էր հայ ֆիդայիների մասին պատմություններ։ Հետագայում Սերգեյ Վարդանյանը երեխաներից հավաքված այդ հեքիաթները միավորեց և հրատարակեց «Հրեղեն ձի» գրքում, որում տեղ գտավ նաև իմ եղբոր ու քրոջ՝ տատիկիցս գրառած հեքիաթը, և այդ գիրքը դարձավ իմ մանկության ամենասիրելի գրքերից մեկը։

Տարիներ անց ես ինձ համար բացահայտեցի Ստամբուլում գործող «Վովա» համշենական խումբը։ Հատկապես երբ լսեցի Հիքմեթ Աքչիչեքի կատարմամբ «Ասա օնդեր, ասա» հնագույն երգը՝ Համշենի բարբառով, իմ հոգեկան աշխարհն ամբողջությամբ տակնուվրա եղավ։ Այդ երգը դարձավ իմ գիտական կյանքում մի յուրահատուկ շրջադարձային նախանշան։ Ես գրեցի Համշենի մասին իմ առաջին հոդվածը, և հենց այդ ժամանակ էլ սկսվեց պարոն Վարդանյանի հետ իմ գիտական համագործակցությունը։ Ամեն անգամ երբ Սերգեյ Վարդանյանը լսում էր այդ երգը, նրա աչքերը լցվում էր արցունքով… 

Անսահման էր նրա ուրախությունն ու ջերմ վերաբերմունքը երիտասարդ սերնդի, այդ թվում և իմ, յուրաքանչյուր նոր ձեռքբերման նկատմամբ։ Սերգեյ Վարդանյանն ինձ համար եղել է ոչ միայն ընկեր ու բարեկամ, այլև համշենագիտության բնագավառում իմ ուսուցիչը, խորհրդատուն և ոգեշնչման աղբյուրը, իմ գրքերի խմբագիրը։ Համեստ ու սակավապետ պայմաններում ապրող, բայց անսահման գիտելիքների տեր այդ անկրկնելի մտավորականի հետ մեր գրեթե ամենօրյա շփումները ժամանակի ընթացքում վերածվել էին հետաքրքիր ու բովանդակալից գիտական քննարկումների։

Առանձնահատուկ հիշողություն է մնացել այն օրերից, երբ առաջին անգամ այցելեցինք գեղատեսիլ ու հեքիաթային Համշեն աշխարհը։ Անկարագրելի էր նրա հուզմունքը։ Մեզ պատել էին անսահման ուրախությունն ու դժվար նկարագրելի զգացմունքները։ Թվում էր՝ տարիների ուսումնասիրած, երազած ու պատկերացրած աշխարհն այժմ կենդանանում էր մեր աչքերի առաջ։ Սերգեյ Վարդանյանը երեխայի անկեղծ ոգևորությամբ լուսանկարում էր, գրառումներ կատարում, ուշադրությամբ հետևում ամեն մանրուքի։ Այն ամենը, ինչ տեսնում ու լսում էր, հետագայում դառնալու էր նրա գիտական ուսումնասիրությունների արժեքավոր հիմքը և ատաղձը։ Վերադառանալուց հետո նա գրեց բազմաթիվ հոդվածներ և «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ)» (Երևան, ԵՊՀ հրատ., 2009, 428 էջ) արժեքավոր ուսումնասիրությունը։

Թեև նա ծագումով վանեցիր էր, բայց իր կյանքի մեծ մասը նվիրաբերեց Համշենի պատմության ուսումնասիրությանը։ Սերգեյ Վարդանյանը նաև իր տիկինոջ Անահիտի հետ, որը շատ բարձր էր գնահատում ամուսնու աշխատանքն ու առաքելությունը, անտրտունջ ու մեծ սիրով օրեր շարունակ իրենց տանը հյուրընալում էին Աբախազիայից, Կրասնոդարի երկրամասից և Խոպայից ժամանած համշենցի հյուրերին։ 

 Սերգեյ Վարդանյանի խմբագրած «Ձայն համշենական» թերթը նույնպես բացառիկ երևույթ է հայ իրականության մեջ։ Նրա այս թերթի յուրաքանչյուր համար ունի աղբյուրագիտական արժեք՝ Համշենի պատմության և քրիստոնյան ու բռնի մուսուլմանացած համշենցիների բարբառի, ազգագրության համակողմանի ուսումնասիրության համար։ «Ձայն համշենականը» հայ մամուլի պատմության մեջ իր ուրույն տեղն է գրավել։ Իսկ կոթողային՝ «Հայաստանի մայրաքաղաքներ» գրքում Վարդանյանը գիտական խորը հենքի վրա, բայց շատ մատչելի լեզվով կարծես վերակենդանացրեց Հայաստանի տասներկու մայրաքաղաքները։

Այսօր, երբ մեկ տարի է անցել նրա ֆիզիկական բացակայությունից, ավելի խորն ենք գիտակցում, թե որքան մեծ էր նրա ներկայությունը մեր գիտական, մշակութային և մարդկային կյանքում։ Բայց կան մարդիկ, որոնց հեռանալը չի նշանակում բացակայություն։ Սերգեյ Վարդանյանը հենց այդ մարդկանցից է։ Նա շարունակում է ապրել իր գրքերում, իր ուսումնասիրություններում, իր ընկերների հիշողություններում, և ամեն անգամ, երբ բացում եմ նրա աշխատություններից որևէ մեկը, թվում է՝ նա կրկին մեր կողքին է՝ նույն ջերմությամբ, նույն համեստությամբ և նույն անսահման նվիրումով։ 

Նրա գիտական ժառանգությունը միայն անցյալի վկայությունը չէ։ Այն լուսավոր արահետ է, որով այսօր շարունակում են քայլել բազմաթիվ հետազոտողներ։ Սերգեյ Վարդանյանի ուսումնասիրություններն ուղղություն ու ներշնչանք են տվել շատերի գիտական որոնումներին, այդ թվում՝ նաև իմ ճանապարհին, որի յուրաքանչյուր կարևոր հանգրվանում ես զգացել եմ նրա աշխատանքի և մտքի ներկայությունը։

Սերգեյ Վարդանյանի մասին կարելի է գրել բազմաթիվ էջեր։ Այս իմ սիրտի ու երախտիքի խոսքն ուզում եմ վերջացնել նրան նվիրված՝ համշենցի Ռոզա Խաստյանի հետևյալ քառյակով.

Սիրտս լցված է կորստյան ցավով,-

Բառերն՝ անիմաստ, բառերն ՝ավելորդ,

Հանճարեղները այսպես են գնում`

Հանուն հայրենյաց` իրենց այրելով։

30.05.2026

                                                                                                                                                                                                                                                                                                              Լուսինե Սահակյան