կարևոր
379 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-24 08:45
Քաղաքական

Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել, որ հիմա էլ ուզում եք պահել․ Արցախը հանձե՞լն է ձեռքբերում, թե՞ Բաքվում պահվող գերիները․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն ու  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները փետրվարի 21-ին  Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հանդիպեցին քաղաքի բնակիչների հետ՝ խոսելով օրվա իշխանության ձախողումների, հեռացման անհրաժեշտության, գերիների, քաղբանտարկյալների, մասնավորապես՝ Միքայել Սրբազանի ու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան կալանավորման,  կուտակած պարտքերի, տնտեսության ողբերգական վիճակի  մասին։

Հանդիպման սկզբում ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի առաջարկով ներկաները ողջունեցին Շիրակի թեմի՝ տնային կալանքի տակ գտնվող առաջնորդ Միքայել Սրբազանին ու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Իշխան Սաղաթելյանն իր խոսքը սկսեց այս իշխանության գործած «չարիքներից», անդրադարձ կատարեց 2026 թվականի ընտրություններին և իրենց անելիքներին։

Բանախոսի խոսքով՝ ՔՊ-ն փորձելու է կրկին խաբել ժողովրդին, և հիմնական թեզը լինելու է այն, որ կբերեն խաղաղություն։

 «Եթե 2026 թվականի հունիսի 7-ին չընտրվենք մենք, այլ ընտրվի մեկ այլ իշխանություն, կլինի պատերազմ, իսկ մենք հասել ենք արդեն խաղաղության։ Էս վերջին օրերին ինչ են ասում ձեզ, ասում են հետևյալը, եթե մեր վերաարտադրությունը տեղի չունենա, մեր ձեռքբերումները կկորեն և տեղի կունենա պատերազմ, և ասում են՝ եթե մեզանից բացի այլ ուժ գա իշխանության, դա հավասար է պատերազմի։ Ըստ էության ձեզ ասում են՝ քանի Ալիևը կա, դուք պարտավոր եք ընտրել Նիկոլ Փաշինյանին, որովհետև եթե մեկ ուրիշը լինի, պատերազմ է լինում։ Սա ամենամեծ կեղծիքն է, պատերազմ մեր երկրին, ժողովրդին բերել է էսօրվա իշխանությունը, և սրանց վերաարտադրությունը լինելու է Հայաստանից նոր տարածքային զիջումը։ Սրանք խաղաղության հետ որևէ առնչություն չունեն, ինչպես ժողովրդավարության պարագայում, այնպես էլ  խաղաղության, այս ռեժիմը խաղաղության թշնամի է։ Նայեք սրանց կառավարման 7 տարիները, յուրաքանչյուր տարի Հայաստանից եղել են զիջումներ, այս մարդն ի՞նչ իրավունք ունի խոսել խաղաղությունից», -ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հարցադրելով․ «որո՞նք են այս իշխանության ձեռքբերումները՝ Արցախը հանձնե՞լը, Հայաստանից շուրջ 200 կիլոմետր քառակուսի հանձե՞լը, թե՞ Ադրբեջանում գերիներ ունենալը։ Սրանց ձեռքբերումը շարունակական զիջումներ են»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։