|
Փոխարժեքներ
13 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.15 |
| EUR | ⚊ | € 445.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8406 |
| GBP | ⚊ | £ 513.33 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ներկա իրադրության շուրջ երկխոսություն է վարում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Իմ և Ուիթքոֆի միջև քննարկումը շարունակվել է բողոքի ցույցերից առաջ ու հետո և շարունակվում է մինչ օրս», - ասել է նա։
Արաղչին նաև ասել է, որ Թեհրանում այժմ ուսումնասիրում են Վաշինգտոնից ստացված «առաջարկները»։ Սակայն նա չի մանրամասնել դրանց բովանդակությունը։
Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի կարող միաժամանակ երկխոսել Իրանի հետ և ճնշում գործադրել նրա վրա։
«Վաշինգտոնի կողմից առաջարկվող գաղափարները և մեր երկրի դեմ սպառնալիքներն անհամատեղելի են», - ասել է Արաղչին։
Նա վստահեցրել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողություններին և նշել, որ իրանցի զինվորականներն ավելի լավ են պատրաստված, քան 2025 թ. հունիսին Իսրայելի հետ հակամարտության ժամանակ։ Միևնույն ժամանակ Արաղչին հույս է հայտնել, որ ԱՄՆ ղեկավարությունը կընտրի «գործողությունների խոհեմ տարբերակ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները կապվել են իրենց հետ և ցանկանում են բանակցել: Նա հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հանդիպում է ծրագրվում, սակայն Իրանում հակակառավարական ցույցերի ճնշման պատճառով «հնարավոր է՝ մենք ստիպված լինենք գործել նախքան այդ հանդիպումը»: Թրամփը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է արձագանքի շատ խիստ տարբերակներ:
Իրանի ԱԳՆ խոսնակն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ հաղորդակցության ուղիները բաց են, և կողմերն անհրաժեշտության դեպքում հաղորդագրություններ են փոխանակում։
Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով։ Ցույցերի ընթացքում զոհերի թիվն, ըստ իրավապաշտպան խմբերի, գերազանցել է 600-ը։ Նրանց թվում կան տասնյակ իրավապահներ։