Փոխարժեքներ
24 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 451.57 |
RUB | ⚊ | ₽ 4.5785 |
GBP | ⚊ | £ 517.23 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խոսքի ազատության մասին ամեն բարձրագոչ հայտարարությունները հաճախ խեղդվում են հենց դատարաններում։ «Ժողովուրդ» օրաթերթը վերջին տարիներին դարձել է իշխանության ու ազդեցիկ շրջանակների հիմնական թիրախը․ հայցերի եւ միլիոնավոր դրամների պահանջների միջոցով փորձում են ճնշել թերթի անկաշկանդ գործունեությունը։
Ստորեւ տեղեկացնում ենք ովքեր են հայցեր ներկայացրել «Ժողովուրդ»-ի դեմ եւ ինչի համար։
1․ Ալեն Սիմոնյանը եւ ընտանիքը
• Հայցի պատճառ․ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սիմոնյանը դաժան քննադատության է ենթարկել ՌԴ-ին այն օրերին, երբ պատրաստվում էր Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցին։ Այդ հրապարակումը, ըստ Սիմոնյանի, անցանկալի էր։
• Երկրորդ հայցը կապված է նրա եղբոր հետ, ով նախկինում ղեկավարել է «Եվրոասֆալտ» ընկերությունը, որը հիմա սնանկացման ճանապարհին է։
• Պահանջվող փոխհատուցում․ երկու հայցերը միասին՝ 2 400 000 ՀՀ դրամ:
2․ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյան
• Հայցի պատճառ․ թերթը ներկայացրել էր ՔՊ-ի ներսում Ավինյանի եւ պատգամավոր Արփի Դավոյանի բախումները, որտեղ թիմակիցները նրան մեղադրել էին կոռուպցիոն գործարքների համար։
• Պահանջը՝ 6 մլն ՀՀ դրամ:
3․ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյան
• Հայցի պատճառ․ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր Անդրանիկ Քոչարյանի մեղադրանքները Փամբուխչյանի հասցեին՝ ասված ՔՊ-ի փակ նիստի ժամանակ։
• Պահանջը՝ 3 մլն ՀՀ դրամ:
4․ Պատգամավոր Հայկ Սարգսյան եւ եղբայր Նաիրի Սարգսյան
• Հայցի պատճառ․ Հայկ Սարգսյանը հերքում է, թե փայտանյութի բիզնես հետաքրքրություն ունի։
• Նաիրի Սարգսյանը հերքում է, թե կառավարական հարցեր է լուծել «GTB» ընկերության համար այն դեպքում, երբ ընկերության տնօրենն է նման հայտարարություն արել։
• Պահանջը՝ 3 մլն դրամ:
5․ Դատավոր Ռուբիկ Մխիթարյան
• Հայցի պատճառ․ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ նրան դատական համակարգում հիշատակում են որպես «Հուդա»։ Դատավորը վիրավորվել է այս հիշատակումից՝ չնայած այն հրապարակված էր այլ հեղինակային աղբյուրում։
• Պահանջը՝ 3 մլն ՀՀ դրամ:
6․ Դավիթ Երեմյան («Երեմյաններ» ընկերություն)
• Հայցի պատճառ․ թերթը գնահատողական դատողություն էր արել, թե ինչ հանգամանքներում է կարճվել իրեն պատկանող ռեստորանում գրանցված ծեծկռտուքի գործը։
Հրապարակման առիթ․ Դավիթ Երեմյանի ներկայությունը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, որի ինստիտուցիոնալ որոշմամբ են կարճվում գործերը։
• Պահանջը՝ 6 մլն ՀՀ դրամ:
7․ «Լույսեր» բնակելի համալիր
• Հայցի պատճառ․ 2019-ին «Ժողովուրդ»-ը հրապարակել էր բնակիչների բողոքը՝ տարածքում օձերի եւ կարիճների առկայության մասին:
• Օրաթերթը գործը հաղթել էր, բայց այն նորից բեկանվել է եւ ուղարկվել նոր քննության։
• Պահանջը՝ 1 մլն ՀՀ դրամ:
8․ Մհեր Դերձյան («Մի կտուրի տակ» նախաձեռնություն)
• Հայցի պատճառ․ թերթը գրել էր, որ Դերձյանը Արմավիրում քաղաքացիներից փողեր էր հավաքում տների հերթագրման համար, սակայն հողահատկացում, տարածք եւ շինարարություն գոյություն չունեին եւ չունեն մինչ օրս:
• Խաբված քաղաքացիների պատմությունը դեռ դատարաններում է։
• Պահանջը՝ 3.570.000 ՀՀ դրամ:
9. Նարեկ Վանեսյան. առողջապահության եւ սոցապնախարարի մտերիմը
• Նա պահանջում է հերքում իր մասին արված հիշատակումների համար, մինչդեռ բոլոր հիշատակումներն արված են մեջբերումներով՝ օգտվելով արդեն իսկ նախկինում արված հրապարակումներից, որոնք չեն հերքվել կամ գնահատողական դատողություններ են: Նա էլ 2 հայց է ներկայացրել:
• Պահանջը՝ 6 160 000 ՀՀ դրամ:
Խոսքի ազատության վտանգները
Այսօր միայն «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված հայցերի գումարը կազմում է 34.130.000 ՀՀ դրամ։ Դա ոչ միայն ֆինանսական սպառնալիք է լրատվամիջոցի գոյության համար, այլեւ ուղիղ հարված՝ մամուլի անկաշկանդ գործունեությանը։
Միլիոնների բռնագանձման սպառնալիքով փորձում են լռեցնել թերթը, բայց
• «Ժողովուրդ»-ը չի նահանջում,
• չի ընկրկում,
• չի հուսահատվում։
Արդեն 15 տարի շարունակ թերթը մնում է նույն պայքարի մեջ՝ հասարակությանը ներկայացնելով ոչ թե պաշտոնական ճոխ խոսքեր, այլ իրականությունն իր ամենաանսպասելի դրսեւորումներով»։