կարևոր
3082 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-10 11:02
Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն այլևս լույս չի տեսնի. «Ժողովուրդ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն այլևս լույս չի տեսնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից հրատարակվող «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը հաջորդ ամսվանից այլեւս դադարելու է լույս տեսնել, քանի որ դադարեցվել է օրաթերթի ֆինանսավորումը, եւ կրճատվել է նաեւ աշխատակիցների թիվը:

Մեր տեղեկություններով՝ օրաթերթի ֆինանսավորումը դադարեցնելու որոշում կայացվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից:

Ո՞րն է ֆինանսավորումը դադարեցնելու պատճառը. մեր աղբյուրներից տեղեկացանք, որ օրաթերթի աշխատակազմը դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, վերջինս էլ որոշել է դադարեցնել ֆինանսավորումը, որպեսզի այն այլեւս լույս չտեսնի:

«Ժողովուրդ» օրաթերթին «Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը հայտնեց. ««Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետիրոջ լիազոր ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշմամբ՝ 2023թ. հունիսի 1-ից կդադարեցվի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի տպագրությունը։
Որոշումը պայմանավորված է թերթերի՝ 2022թ. ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկով եւ ծախսարդյունավետության նվազ մակարդակով։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթը 2017 թվականից գործում են ««Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» ՓԲԸ կազմում, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը»։

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետություն»-ը Հայաստանում լույս տեսնող պաշտոնական թերթ է, որը հրապարակվում է դեռեւս 1990թ.-ից:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում