կարևոր
4414 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-25 14:41
Քաղաքական

Հայաստանի գլխավոր խնդիրը պետք է լինի երկու խոշորների խաղացողների արանքում չհայտնվելը․ Անդրանիկ Թևանյան

2020թ․-ի նոյեմբերի 9-ից հետո մենք ապրում ենք  լրիվ այլ երկրում, պատերազմը բերել է այնպիսի արդյունքների, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, ավելին՝ Հայաստանը արդեն իր իսկ անվտանգության երաշխավորը չէ։ Այս մասին «Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Հայաստանը գոյություն ունի ֆիզիկապես, մենք այստեղ նստած հարցեր ենք քննարկում երկու գործոնի շնորհիվ՝ Ռուսաստանի և Իրանի Իսլամական հանրապետության շնորհիվ։ Այդ գործոնները որոշակի իներցիայի գործոններ են և եթե չլինեն՝ ուղղակի չեն լինի Հայաստանը և Արցախը։ Արցախը բառիս բուն իմաստով պաշտպանում են ռուս խաղաղապահները, Սյունիքի համար Իրանը պատրաստ է մտնել առճակատման մեջ, հայ-թուրքական սահմանը պաշտպանվում է ռուսական զորքերի կողմից և Հայաստանը դեռևս գոյություն ունի աշխարհաքաղաքական որոշակի բալանսի արդյունքում։ Սա պետք է հստակ իմանալ, որովհետև իշխանությունները քարոզում են, որ Ձեր թշնամին Ռուսաստանն է, տողատակում  նաև Իրանը, և համոզում են, որ Ձեր բարեկամը Թուրքիան է, որ բաց տեքստում է հայտարարվում, որ խնդիրը Հայաստանի և Արցախի ոչնչացումն է և դրա հետ կապված հռչակագիր են ստորագրել Ադրբեջանի հետ Շուշիում, և համոզում են, որ Ադրբեջանի հետ կարող ենք հարաբերությունները իրենց ուզած նախապայմաններով կարգավորել ու խաղաղ ապրել»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ արտաքին մարտահրավերների առումով կա 2 հարթություն․ մեկի մեջ ներգրավված ենք ուղղակի, մյուսի մեջ անուղղակի․

«Անուղղակին, դա միջազգային այն իրավիճակն է, որը ստեղծված է այսօր աշխարհում։ Արևմուտք-Ռուսաստան գլոբալ հակամարտությունը ազդում է մեր վրա, բայց մենք այդտեղ խաղացող չենք, մենք կանգնած ենք միջուկային պատերազմի նախաշեմին և Հայաստանի գլխավոր խնդիրը պետք է լինի երկու խոշորների արանքում չհայտնվելը։ Այս իշխանությունների անգրագետ քաղաքակնության արդյունքում Հայաստանը հայտնվել է Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետում։ ՁԵզ խափել են, չեն ասել այդ մասին, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է հակառուսական կոալիցիայի մեջ։ Երկրորդ գործոնը, որի մեջ ուղղակի ենք ներգրավված, դա հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններն են։ Պատերազմը բերել է օրվա իշխանությունը։ 2018թ․-ի մայիսի 9-ից արդեն դրվեցին բանակցային գործընթացի տապալման բոլոր հիմքերը։ Մայիսի 8-ին մարդը դառնում է վարչապետ, մայիսի 9-ին Ստեփանակերտում անում է այնպիսի հայտարարություններ, որոնք փլուզում են ամբողջ բանակցային գործընթացը և ձևաչափը, և Մադրիդյան սկզբունքների հետ կապված բոլոր հարթություններում ստանում ենք խնդիրներ, հետագայում արդեն իրարամերժ հայտարարություններ, մի կողմից հայտարարություն, որ պետք է  բավարարենք Ադրբեջանին և Հայաստանին Ղարաբաղին խնդրի լուծումով, մյուս կողմից՝ ես չեմ բանակցում, մի կողմից Արցախը Հայաստանը է և վերջ, մյուս կողմից՝ մենք պետք է բավարարենք Ադրբեջանին»,- ավելացրեց պատգամավորը։