Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-03-03 15:59
Քաղաքական

4 երկիր խաղաղությանը կողմնակից կլինի, և Ադրբեջանը կմնա միայնակ. Արամ Մանուկյան

4 երկիր խաղաղությանը կողմնակից կլինի, և Ադրբեջանը կմնա միայնակ. Արամ Մանուկյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ՀԱԿ-ՀԺԿ-ն ընտրապայքարի է դուրս գալիս «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» հայեցակարգով:

«Մենք խոսում ենք ռեալությունների մասին, հողին կպած իրականության մասին, մենք հաշվի պետք է առնենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրողությունները: Այս ծրագիրը հաղթական է, որի հիմքում Հայաստանի և Արցախի ուժեղացումն է»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա` ՀԱԿ-ը ճանաչում է Արցախի ինքնիշխանությունը, բայց Հայաստանը չի կարող անել քայլեր, որոնց դեպքում աշխարհում մենակ կմնա:

Հարցին, թե ո՞րն է խաղաղության գինը, Արամ Մանուկյանը պատասխանեց, որ ծավալուն փաթեթ են մշակում, որը պետք է, ըստ հայեցակարգի, ստորագրեն Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան: Եվ եթե միջազգային մանդատով Արցախը անջատվում է Ադրբեջանից, բացվում են տնտեսական ճանապարհները, ապա դա հաղթական ռեալ ծրագիր է, և ըստ Արամ Մանուկյանի` էմոցիաներն ու բաժակաճառերը կապ չունեն այս ամենի հետ: Նա համոզված է` խաղաղության հնարավոր է գնալ հենց այդ ծրագրով:

«Այսօր Հայաստանը պետք է արձանագրի իր հաջողությունների մի մասը, մենք չենք կարող կորցնել ամենը: Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները մակերեսի վրա ուրիշ են, բանակցությունների սեղանին` լրիվ ուրիշ: Երկու իշխանություններն էլ ազնիվ չեն: Մենք թաքնվում ենք Ալիևի ագրեսիվ հայտարարությունների հետևում, Ալիևն էլ` մեր հայտարարությունների հետևում: Արդյունքում` ստացվում է, որ երկու պետությունն էլ պաշտպանվում է` խաղաղությանը կողմ չլինելով: Միջազգային կառույցներն էլ ասում են` երկուսն էլ համաձայն չեն խաղաղության ծրագրին: Մեր ծրագրի համաձայն` երբ Հայաստանը հայտարարում է խաղաղության ծրագրին կողմ լինելու մասին, դառնում է կողմնակից եռանախագահությանը, և չորս միավոր դառնում են խաղաղության կողմնակից: Ադրբեջանը մնում է միայնակ, ինչը նրա համար չի կարող կոմֆորտ լինել: Խաղաղությանը կողմ լինելով` Հայաստանը կողմնակիցներ է ձեռք բերելու»,- ասաց Արամ Մանուկյանը: