կարևոր
640 դիտում, 54 րոպե առաջ - 2026-10-07 18:53
Հասարակություն

Ձերբակալված ուսուցչուհին 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. Hraparak

Ձերբակալված ուսուցչուհին 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. Hraparak

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր համայնքում սեպտեմբերի 30-ին ուսուցչուհին ծեծի էր ենթարկել 2-րդ դասարանի 7-ամյա աշակերտուհուն։ Դեպքի շուրջ բարձրացած մեծ աղմուկից հետո ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց, որ կքննարկվի ուսուցչուհու` մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հարցը: Ապա ՔԿ-ն հաղորդեց, որ վերջինս ձերբակալվել է։

Hraparak.am-ը գրում է.

«Մեզ հետ զրույցում Վարդաձորի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը հայտնեց, որ ուսուցչուհու կողմից երեխաներին ծեծի ենթարկելու մասին նախկինում որեւէ դեպք չի լսել․

«Գործը իրավապահների տիրույթում է, այդ դաշտ չեմ մտել, թող քննությունը ավարտվի, ամեն ինչ պարզ կլինի, միգուցե այս պահին համացանցում ուռճացված տեղեկություններ տարածվեն»»։

Նրա խոսքով ուսուցչուհին երկար տարիներ դպրոցում աշխատել է․

«Դասվար է, մոտ 30 տարվա ստաժ ունի։ 4 երեխա ունի, բոլորը չափահաս են, աղջիկներն ամուսնացած են։ Իսկ տուժած երեխան մեկ եղբայր ունի, ով իրենից մեծ է՝ 9 տարեկան է, սովորում է նույն դպրոցում»։

Հարցին՝ տեսախցիկների տեսագրությունն ինչպե՞ս է հայտնվել համացանցում, արդյոք տնօրե՞նն է նպաստել դեպքի բարձրաձայնմանը, թե՞ թաքցրել է դեպքը: Ավետիսյանն ասաց․

«Ես որքանով տեղյակ եմ, ծնողը երեխայի բողոքից հետո խնդրել է, որ տեսախցիկների տեսագրությունը իրեն ցույց տան, բայց ինքը չի հրապարակել, ինքը հեռախոսով նկարել է, ուղարկել է դասարանի չաթ, որ տեսեք` նման դեպք է եղել մեր դասարանում, հետո չաթի ծնողներից, թե ով է հրապարակել տեսագրությունը, ոչ մեկը չգիտի»։