կարևոր
1261 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-30 19:57
Քաղաքական

Գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի իրավունքն ու արդարությունն իրենց խոսքն ասեն․ Անանյան

Գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի իրավունքն ու արդարությունն իրենց խոսքն ասեն․ Անանյան

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․

«Լիպարիտ Դրմեյանին ճանաչում եմ որպես բարձրակարգ մասնագետի, սկզբունքային մարդու և հայրենասերի, ում համար պետական ծառայությունը երբեք որևէ իշխանավորի անձնական կամքին ծառայել չի նշանակել։ Նա ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, օրենքին և պետական շահին։

Այսօրվա հրապարակային հարձակումը պատահական չէ։ Այն հաջորդում է Լիպարիտի քաղաքական ակտիվությանը և Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած այն փաստարկներին, որոնք բացահայտում էին ՔՊ-ի կողմից ընտրությունների ընթացքում կիրառված ֆինանսական, վարչական և ռեպրեսիվ գործիքները։

Իրավական պետությունում նախ լինում են փաստերն ու ապացույցները, հետո՝ քննությունն ու դատարանի որոշումը։ Փաշինյանի կառուցած համակարգում հակառակն է․ նախ հրապարակային դատավճիռն է հնչում, հետո իրավապահներին հանձնարարվում է այդ դատավճռի համար «հիմքեր» գտնել։

Սա արդեն մեկ մարդու դեմ ուղղված հարձակում չէ։ Սա ուղերձ է պետական համակարգի բոլոր բարեխիղճ մասնագետներին՝ ով կծառայի պետությանը, այլ ոչ թե իշխանության ղեկավարի կամքին, կարող է վաղը հայտարարվել «տրոյական ձի» և հայտնվել իրավապահ համակարգի թիրախում։

Համաձայն եմ Լիպարիտի հետ։ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանը չէ։ Կառավարությունը՝ առավել ևս։ Իսկ մենք գործադրելու ենք մեր բոլոր ջանքերը, որպեսզի իրավունքն ու արդարությունը իրենց խոսքն ասեն»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Խոսում էին, թե ՀԷՑ-ի նախկին սեփականատերերն արբիտրաժում հաղթել են։ Պարզվեց, որ այս շենքում իրենք մարդ ունեին (նկատի ունի Լիպարիտ Դրմեյանին–խմբ.), մենք իրեն այստեղից դուրս հրավիրեցինք։ Դա կոռուպցիա չի՞, որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը, նա գրություն էր գրել, ինչի հիման վրա աղմուկ էր բարձրացել»։

Ինչին արձագանքել էր Դրմեյանը.

«Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ Կառավարությունը դու չես»։