կարևոր
652 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-24 14:23
Հասարակություն

«Տիրադավ» բառի իմաստային դաշտը և դրա իրավաչափ կիրառությունը․ Տեր Արարատ քահանա Պողոսյան

«Տիրադավ» բառի իմաստային դաշտը և դրա իրավաչափ կիրառությունը․ Տեր Արարատ քահանա Պողոսյան

Տեր Արարատ քահանա Պողոսյանը գրում է․ «Միքայել արք․ Աջապահյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ, ինչպես նաև իր տարբեր հայտարարություններում Վեհափառ Հայրապետի, որպես Աստծու սպասավորի, դեմ դուրս եկածներին անվանեց «տիրադավ»։ Այսօր հասարակությունը «տիրադավ» բառն առավելապես գործածում է՝ բնորոշելու Վեհափառ Հայրապետի հրաժարականը պահանջող հայտնի եպիսկոպոսներին և նրանց գաղափարական գործակիցներին։ Վերջիններս կարծես թե ամենաշատը խոցվել են հենց այս բառով իրենց բնորոշելուց և իշխանական տարբեր լրատվամիջոցներին տրված հարցազրույցներում առանձին անդրադարձել են այդ բառի կիրառությանը՝ փորձելով «հիմնավորել», թե այն չի վերաբերում իրենց և իրենց գործերին, որ իբրև թե նշյալ բառը վերաբերում է միայն Աստծուն դավաճանողներին, իսկ իրենք Աստծուն չեն դավաճանել։

Այժմ տեսնենք, թե ինչ է նշանակում «տիրադավ»-ը, և ովքեր են տիրադավները։

«Տիրադավ» բառը դասական հայերենի (գրաբարի) կազմությամբ և իմաստով պատկանում է այն հին իրավա-քաղաքական և բարոյական եզրույթների շարքին, որոնք ձևավորվել են հավատարմության, ենթակայության և ուխտի գաղափարի շուրջ։ Այն բաղկացած է երկու հստակ բաղադրիչներից՝

• տեր – տիրակալ, իշխան, օրինական առաջնորդ, հոգևոր կամ աշխարհիկ վերադաս,

• դավ (դավել, դավաճանել) – նենգորեն մատնել, խախտել հավատարմությունը, դրժել ուխտը։

Այսպիսով, «տիրադավ»-ի սկզբնական, բառացի իմաստն է՝ «իր տիրոջը դավաճանող», «իր տիրոջ նկատմամբ հավատարմությունը խախտող անձ»։

Դասական բառարաններում «տիրադավ» եզրույթը երբեք չի սահմանափակվում միայն Աստծուն ուրանալու գաղափարով։ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանն այսպես է սահմանում․ «Որ դաւէ զտէր իւր, դաւաճանօղ տեառն իւրոյ, կամ տիրաբար նենգօղ» (հտ․ Բ, Վնետիկ, 1837, էջ 876)։

Այս բացատրությունը սկզբնապես վերաբերում է ոչ թե աստվածաբանական, այլ իրավական-քաղաքական և բարոյական հարաբերությանը՝ տիրոջ և ենթակայի միջև։

Հետագա բացատրական բառարանները նույն կերպ պահպանում են այդ իմաստային առանցքը՝ շեշտելով ոչ միայն հավատքի ուրացումը, այլ հավատարմության ուխտի դրժումը (տե՛ս Ս․ Մալխասյանց, Հայերէն բացատրական բառարան, Երեւան, 1945, էջ 414; Է․ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, հտ․ Բ, էջ 1443)։ Ի դեպ, բառարաններում այս բառն ունի բազմաթիվ հոմանիշներ՝ տիրանենգ, տիրադրուժ, տիրամատնիչ, տիրավաճառ, դավաճան և այլն։

«Տիրադավ» բառի վաղագույն գործածությունները հանդիպում են այն միջավայրում, որտեղ տերը կարող է լինել թագավոր, իշխան, պետական կամ ռազմական առաջնորդ, ինչպես նաև՝ եպիսկոպոսապետ՝ կաթողիկոս կամ պատրիարք։

Ս․ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ում գործածված «տիրադավ» արտահայտությունը հենց այս իմաստով է ընկալվել դեռևս միջնադարյան մեկնիչների կողմից։ Հայ եկեղեցական մեկնողական ավանդույթն այն բացատրել է որպես դավաճանություն օրինական աշխարիկ և հոգևոր տիրոջը, ոչ թե Աստծուն։ Այսպես՝ Նարեկացին իր «Մատյան ողբերգության» աղոթագրքի 56-րդ գլխի երկորդ մասում գրում է՝ «Իշխան տիրադաւ»։ Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Հակոբ Նալյանը «Նարեկ»-ի իր մեկնության մեջ այդ հատվածը այսպես է մեկնաբանում․ «Այսինքն՝ իշխան տիրանենգ․ այսպիսիք էին իշխանքն Հայոց, որ զսուրբն Տրդատիոս մահադեղօք սպանին․ եւ զԱրտեւան արքայն՝ պարսից թագաւորին մատնեցին ի ժամանակս մեծին սրբոյն Իսահակայ» (տե՛ս Յակոբ Նալեան, Գիրք մեկնութեան աղօթից Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ, հտ․ Ա-Բ, Կ. Պոլիս, 1745, էջ 421): Այս մեկնությունից հստակ է, որ Նարեկացին «տիրադավ» բառն օգտագործել է ոչ միայն Աստծուն դավաճանելը նկարագրելու, այլ Հայոց թագավորին և Հայոց կաթողիկոսին դավաճանելու դեպքերը նկարագրելու համար։ Նշենք, որ նույն իմաստով Նարեկացին գործածում է նաև «տիրադրուժ» և «երախտամոռ» բառերը։

Այս հանգամանքը վկայում է, որ բառի սկզբնական գործածությունն աշխարհիկ և եկեղեցական կարգի խախտումն էր, ոչ դավանաբանական հերետիկոսությունը կամ հերձվածը։

Աստծուն դավաճանելու իմաստը «տիրադավ» բառի մեջ ձևավորվել է հետագայում՝ երկրորդական՝ փոխաբերական ընդլայնման ճանապարհով։ Քանի որ Աստված ընկալվում է որպես գերագույն Տեր, ժամանակի ընթացքում եզրույթը կիրառվել է նաև հավատքն ուրացողների, դավանափոխների, կամ Աստծու պատվիրաններին բացահայտ հակառակ կանգնողների նկատմամբ։

Սակայն սա ոչ թե բառի սկզբնական, այլ ընդլայնված և բարոյա-տվածաբանական կիրառությունն է։ Պետք է նշել, որ նույն իմաստային զարգացումը նկատվում է եվրոպական լեզուներում

Վերոգրյալը փաստում է, որ «տիրադավ» բառի նախնական իմաստը հավատարմության երդման կամ ուխտի խախտումն է, որն այսօր արդեն հավասարազոր է նաև աստվածային ուրացմանը։

Հետևաբար՝ Աստծուն, Սուրբ Էջմիածնին և ազգընտիր Վեհափառ Հայրապետին դավողներին ոչ միայն կարելի է բնորոշել որպես տիրադավ, այլև՝ տիրանենգ, տիրադրուժ, տիրամատնիչ, տիրավաճառ, դավաճան, երախտամոռ բառերով, որոնք լիովին և դիպուկ բնորոշում են բոլոր նրանց, ովքեր դրժել են իրենց հոգևոր ուխտը։ Ուստի՝ որքան էլ փորձեն ճամարտակել, բառի իմաստի նենգափոխմամբ իրենց «արդարացնել» կամ «մաքրվել» դավաճանության այլևս անջնջելի խարանից, միևնույն է «տիրադավ» բառը դարձել է նրանց նկարագիրը և անվան անքակտելի բաղկացուցիչը․․․

Հ. Գ. Օրինակ` Հայ Առաքելական Եկեղեցու ավանդության մեջ հոգևորականների անուններից առաջ գործածվում է «Տեր» բառը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պարագայում՝ «Տեր Տեր» ձևը, կրկնակի է շեշտում նրա՝ որպես եկեղեցականների և հավատացյալ ժողովրդի օրինական Տիրոջ, Առաջնորդի և Հովվի կարգավիճակը։ Հետևաբար Սուրբ Էջմիածնի և նրա Գահակալի հանդեպ տրված ուխտի և հավատարմության դրժումը պատմական, լեզվական, կանոնական և բարոյական բոլոր չափանիշներով հավասարազոր է Աստծուն դավաճանելուն և բնութագրվում է մեկ անվամբ՝ տիրադավություն»։