կարևոր
892 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-11 17:32
Քաղաքական

Ջեյ Դի Վենսն Ալիևի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը

Ջեյ Դի Վենսն Ալիևի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Բաքվում Ջեյ Դի Վենսի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո այդ մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահի մամուլի քարտուղարը։

«Նախագահ Ալիևը և փոխնախագահ Վենսը քննարկել են նախագահ Թրամփի՝ Հայաստանում և Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։ Նրանք կենտրոնացել են առևտրի և բարգավաճման, տեխնոլոգիաների և դիվանագիտական կապերի վրա, նաև խոսել են հաջորդ քայլերի մասին, այդ թվում՝ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) համար պայմանագրերի կնքման և թույլտվությունների, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան», - փոխանցել է փոխնախագահի խոսնակը։  

Ամերիկյան կողմը, սակայն, չի մանրամասնել՝ ինչ արձագանք է եղել ադրբեջանական կողմից, և կան արդյոք այս հարցով պայմանավորվածություններ։

Հիշեցնենք՝ Ջեյ Դի Վենսն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ Բաքվում հանդիպումների ժամանակ բարձրացնելու է հայ գերիների ազատ արձակման հարցը։