կարևոր
1756 դիտում, 9 ժամ առաջ - 2025-07-21 11:42
Քաղաքական

Այլադավանների խմբակի նպատակը Վեհափառ Հայրապետի ու Մայր Աթոռի նկատմամբ հանրային թշնամանքի և ատելության գեներացումն է․ Աբրահամյան

Այլադավանների խմբակի նպատակը Վեհափառ Հայրապետի ու Մայր Աթոռի նկատմամբ հանրային թշնամանքի և ատելության գեներացումն է․ Աբրահամյան

Այլադավանների խմբակի նպատակը Վեհափառ Հայրապետի ու Մայր Աթոռի նկատմամբ հանրային թշնամանքի և ատելության գեներացումն է, որի հանգրվանային փուլը կլինի Էջմիածնի հրապարակում նախատեսված կենտրոնական հավաքը:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ըստ սցենարի, ուրացողների խումբը ուղիղ եթերի ռեժիմով փորձելու է ներխուժել Վեհարան` փորձելով հալածանքների, ծաղրի և կեղծ բարեպաշտությամբ ճնշումներ գործադրել բարձրաստիճան հոգևորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ:

Վեհարան հասնելու համար նախ ուժայինները կմեկուսացնեն ի պաշտպանություն Վեհարանի հավաքված մարդկանց, ըստ անհրաժեշտության նաև հանրային տարբեր խմբերի միջև բախումներ կհրահրվի ու փորձ կկատարվի հասնել Կաթողիկոսի հրաժարականին:

Բնականաբար իշխանությունն իր սադրանքներն ու դրա բերած հետևանքները կփորձի վերագրել Մայր Աթոռին` ավելացնելու նրա նկատմամբ հարվածները:

Հասարակության առողջ հատվածի խնդիրն է` չարգելված բոլոր միջոցներով դիմադրել, հատուկ ուշադրություն կենտրոնացնելով տեղեկատվական-քաղաքական դաշտում դիրքային առավելություն ապահովելուն և ներքին ու արտաքին լսարանին անհրաժեշտ ուղերձները հասցնելուն:

Ամենակարևորը. իշխանությունը հիմնական ռեսուրսները կենտրոնացնելու է հոգեբանական-քարոզչական գրոհների վրա, որովհետև առանց դրա հաջողման իր մյուս քայլերը արդյունավետ չեն լինի:

Պետք է դիմակայել ու չթողնել, որ իշխանությունն իր սցենարային քայլերը հաջողությամբ իրացնի` յուրաքանչյուր քայլ/փուլ պետք է տապալել` թույլ չտալով այս ազգակործան ծրագիրը «եփել» ու ավարտին հասցնել»։