կարևոր
2464 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-19 11:50
Քաղաքական

Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցերի շուրջ

Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցերի շուրջ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 18-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուի Բոնոն:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են տարածաշրջանում կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցեր:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները, այդ թվում՝ համապարփակ ու կայուն խաղաղության հասնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման վերաբերյալ: ԱԳ նախարարը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից առավելապաշտական նկրտումներից, ԼՂ ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունից ու ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականին:

Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, այդ թվում՝ ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցերի շուրջ: