կարևոր
3955 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-27 15:32
Քաղաքական

Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանի` պաշտոնից ազատման պահանջը հնչել է Ադրբեջանի կողմից և հայկական կողմի համար դարձել է նախապայման․ Քրիստինե Վարդանյան

Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանի` պաշտոնից ազատման պահանջը հնչել է Ադրբեջանի կողմից և հայկական կողմի համար դարձել է նախապայման․ Քրիստինե Վարդանյան

Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանի` պաշտոնից ազատման պահանջը հնչել է Ադրբեջանի կողմից և հայկական կողմի համար դարձել է նախապայման։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Մեր համար մշտապես անընդունելի է եղել ադրբեջանական բոլոր նախապայմանները կատարելու այս գործելաոճը, և հատկապես այն իրավիճակում, երբ մենք դրա դիմաց տեսնում ենք գնալով ավելի սաստկացող գործողություններ։ Հայկական կողմը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և Արայիկի Հարությունյանի, մշտապես զիջումների է գնում, Ադրբեջանը դրան պատասխանում է ավելի ագրեսիվ քաղաքականությամբ։ Հետևապես այս կոնտեքստում սա դիտարկվում է ադրբեջանական հերթական նախապայմանի կատարում»,- ասաց նա։

Պատգամավորը կարծում է, որ այս օրերին բոլոր իրադարձությունները իրար հետ կապ ունեն, սկսած Արարատ Միրզոյանի Թուրքիա այցից մինչև հեռախոսազրույցներ, գտնվում են շարունակական ու նույն տրամաբանության համատեքստում․

«Բայց ադրբեջանական կողմի և Արցախի ներկայացուցչի հանդիպման մեջ կարևոր վտանգ կար, բնական է, որ էթնիկ ճգնաժամային պայմաններում անհնար է բոլոր տեսակ շփումների բացառումը։ Խնդիրն այլ է՝ Արցախի հարցը, ինքնորոշման պաշտպանման հարցը չպետք է ընկնի միայն Արցախի ուսերին։ Որևէ շփում կամ հանդիպում չի կարող փոխարինել պաշտոնական բանակցություններին, չի կարող հարթակ դառնալ, որպեսզի Արցախի ինքնորոշման իրավունքը և Արցախի հարցին ուղղված բանակցությունները խոսվի ու կարգավորվի Արցախի ներկայացուցչի և Ադրբեջանի ներկայացուցչի միայն էթնո համատեքստում։ Արցախի անվտանգության երաշխավորումը ՀՀ պարտականությունն է, դրա համար կա միջազգային ձևավաչափ, որը ստեղծվել է հենց այս հակամարտությունը լուծելու համար, բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն այս ձևաչափի վերականգնմանը։ Եթե այսպես էլ չի ստացվում՝ հարցերը պետք է  քննարկվեն Հայաստանի դաշնակից երկրների միջնորդությամբ և ,այո՛, նաև Արցախի մասնակցությամբ, և ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անմիջական մասնակցությամբ, հետևապես հանդիպումը, եթե որևէ տեխնիկական բան էլ քննարկեն, դա իսկապես բացառել հնարավոր չէ, բայց վտանգն այն է, որ դա չի կարող փոխարինել բանակցություններին և Արցախի հարցը չի կարող մնալ միայն պատերազմում թուլացած, օկուպացված տարածքներով Արցախի ուսերին։ Դա արցախյան հարցը ադրբեջանական սցենարով փակելու ամենակարճ ճանապարհը կլինի»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով Արցախում անընդհատ պետնախախարների փոփոխությանը` ՀՅԴ-ական գործիչը ասաց․

«Այս հարցով  կարևոր եմ համարում արձանագրում անել, որ ճգնաժամերը պահանջում են ճգնաժամային կառավարում, իսկ ճգնաժամային կառավարման մեջ հաճախակի պաշտոնների փոփոխությունը տեղ չունի, չի տեղավորվում այդ տրամաբանության մեջ։ Նոյեմբերի 9-ից հետո չափազանց կարևոր է երկու հանգամանք Արցախի դեպքում՝ նախ հայերի` Արցախում մնալը, երկրորդը՝  Արցախում եղած պետական ինստիտուտների պահպանումը, այսինքն դրանց ցնցումների չենթարկելը։ Անհասկանալի է դառնում անընդհատ իրար հաջորդող պաշտոնանկությունները, պատերազմից առաջ տեսանք, թե ինչի հանգեցրին զինվորականների դեպքում։ Նույնը նաև պետական կառավարման այլ օղակները՝ հատկապես ճգնաժամերի պայմաններում դրանք տրամաբանական չեն, հատկապես, երբ չեն ներկայացվում տրամաբանական բացատրություններ։ Եթե բացակայում է բացատրությունը՝ դա դառնում է ներանձնային, կամայական նշանակումներ, ազատում, որը որևէ կերպ չի տեղավորվում ճգնաժամային կառավարման տրամաբանության մեջ»,- ասաց նա։

Պատգամավորը կարծում է, որ այս պահին Արցախը պատրաստ չէ ո՛չ որևէ հանրաքվեի, ո՛չ էլ ընտրությունների․ «Դրա մասին կարծում եմ գիտեն բոլորը, ովքեր կամ առնչվում են թեմային կամ պաշտոններ են զբաղեցնում Արցախում։ Պետք է բացառել  նման ցնցումները, հակառակ, բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն պետական ինստիտուտների պահպանմանը։ Ովքեր  և ինչու են այս իրավիճակում գնում նման քայլերի՝ դա արդեն կարելի է թողնել մարդկանց ենթադրությանը։ Հանրության շահերից բխում է պետական ինստիտուտների պահպանումը և ցնցումներից հնարավորինս խուսափելը։ Բոլորն էլ հասկանում են, որ իրավիճակը այս կետի չի հանգել այն պատճառով, որ Արցախում ընտրություններ չեն տեղի ունենում, հետևապես այս բոլոր հայտարարությունները ավելի շատ շանտաժի, այլ ոչ թե իրավիճակից դուրս գալու քայլեր են»,- ասաց նա։