կարևոր
3817 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-28 22:14
Հասարակություն

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը չի փոխվի. դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը չի փոխվի. դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 28–ին, մերժել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի բողոքը եւ անփոփոխ թողել Տոնոյանի խափանման միջոցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամիս առաջ էր  մերժել ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու կամ նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Խափանման միջոցը փոխելու համար որպես գրավ էր առաջարկվել Տոնոյանի բնակարանը՝ 35 մլն դրամի դիմաց։ Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը այս որոշման դեմ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։

Դատարանը պարզաբանել էր, որ Դավիթ Տոնոյանը եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձ եւ կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա, որոնք հիմնականում ՊՆ գործող եւ նախկին պաշտոնյաներ են։

Նշենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին. Գալստյանը, սակայն, ազատության մեջ է»։