|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Նախագահական նոր ընտրությունների, երկրորդ փուլի եւ խորհրդարանը լուծարելու առաջարկների մերժումը ստանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ գործող նախագահի, հարցրել է իրեն՝ ի՞նչ պետք է անի այս իրավիճակում «Ժառանգության» առաջնորդը: Սերժ Սարգսյանն առաջարկել է երեք ճանապարհ:
Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Ազատության հրապարակ, շարունակում է պնդել, որ ստացել է քվեների 80 տոկոսը, իրեն հռչակում է նախագահ եւ փորձում է ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ: Այդ դեպքում իրավապահ կառույցները կատարելու են իրենց վերապահված պարտականությունները:
Երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով պնդել, որ ընտրություններն արդար չեն անցել, որ ինքը իրականում հավաքել է պաշտոնականից ավելի բարձր տոկոսներ, ուժեղացնում է իր կառույցները, մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին, ստանում է մեծամասնություն, դառնում է Երեւանի քաղաքապետ եւ ղեկավարում է հանրապետության մեկ երրորդը:
Երրորդ ճանապարհը՝ դադարում է ընդդիմություն լինելուց՝ ներգրավվելով իշխանական կառույցների մեջ եւ պայքարում է կոռուպցիայի ու արտագաղթի դեմ, ինչպես որ խոստացել է ընտրարշավի ժամանակ:
Ըստ Սերժ Սարգսյանի` երրորդ առաջարկի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտել է՝ արդյոք խոսքը կոալիցիայի՞ մասին է: Դրան Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ բոլոր քննարկումները կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշումը հայտնելոց հետո: Երկու գործիչները պայմանավորվել են՝ իրար փոխանցել գրավոր առաջարկներ: Ըստ Սերժ Սարգսյանի` ինքը հարգել է պայմանավորվածությունը եւ ուղարկել է իր առաջարկները՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Այդ նախագիծը, ըստ նախագահի առաջարկի, պետք է պատրաստի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: «Ժառանգության» առաջնորդը հետ է ուղարկել թուղթը՝ վրան խաչ քաշած: