կարևոր
826 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-05 12:26
Աշխարհ

ՆԱՏՕ-ն դեմ է ՀԱՊԿ-ի հետ երկխոսությանը, «փակ դռները բախելն» իմաստ չունի. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ն դեմ է ՀԱՊԿ-ի հետ երկխոսությանը, «փակ դռները բախելն» իմաստ չունի. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ն չի ցանկացել և չի ցանկանում համագործակցել ՀԱՊԿ-ի հետ հավաքական անվտանգության ոլորտում, ուստի «փակ դռները բախելն» իմաստ չունի։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Ես` որպես ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ, Շվեյցարիայում հանդիպել եմ ԵԱՀԿ գործող նախագահության հետ։ Մասնակցել եմ նաև ԵԱՀԿ–ի` անվտանգության ոլորտին վերաբերող համաժողովին, որ շրջանակում նաև երկխոսություններ են եղել մասնակիցների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների հետ։ Կարող եմ միայն փաստել, որ ՆԱՏՕ-ի կողմից պատասխան ցանկություն երբեք չի եղել և չկա։ «Փակ դռները բախելու» իմաստ չեմ տեսնում»,- գործակալության հետ զրույցում ասել է Վասիլևը։

Նա ընդգծել է, որ հենց այդ պատճառով Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես են եկել եվրասիական տարածքում անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման նախաձեռնություններով։ Համապատասխան աշխատանքը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում, սկսված է։ Վասիլևը կարծում է, որ դրան լրացուցիչ ազդակ կհաղորդվի այս աշնանը Մինսկում կայանալիք Անվտանգության համաժողովի և Մոսկվայում Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի ընթացքում։