կարևոր
604 դիտում, 2 ժամ առաջ - 2026-07-15 23:15
Աշխարհ

Լիբանանի հարավում կստեղծվի 1-ին «փորձնական գոտին»․ Իսրայելը կդուրս բերի զորքերը բնակավայրերից

Լիբանանի հարավում կստեղծվի 1-ին «փորձնական գոտին»․ Իսրայելը կդուրս բերի զորքերը բնակավայրերից

Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունները Հռոմում կայացած բանակցությունների արդյունքներով պայմանավորվել են Լիտանի գետից հյուսիս և հարավ առաջին «փորձնական գոտու» ստեղծման շուրջ։

Ինչպես  հայտնում է Al Jadeed հեռուստաալիքը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Իսրայելը զորքերը դուրս կբերի Բուրջ-Կալավայ, Զաուտար էլ-Գարբիա, Զաուտար էշ-Շարկիա, Սերիֆա, Ֆրուն և Էլ-Գանդուրիա բնակավայրերից։ Բոլոր այդ տարածքները գտնվում են այն շրջանում, որտեղ իսրայելական ուժերի հեռանալուց հետո կտեղակայվեն լիբանանյան բանակի ստորաբաժանումները։

Բաաբդայի նախագահական պալատի աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ Հռոմում ԱՄՆ դեսպանատանը անցկացված բանակցությունների մասնակիցները դեռ չեն որոշել, թե միջազգային որ կողմը կհետևի Լիբանանի հարավում ստեղծվող «փորձնական գոտիների» իրավիճակին։

Ըստ նրա՝ չի բացառվում, որ մշտադիտարկումն իրականացնեն ՄԱԿ-ի Զինադադարի պահպանման վերահսկման մարմնի (UNTSO) խաղաղապահները։ Այս ՄԱԿ-ի առաքելությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսին՝ առաջին արաբա-իսրայելական պատերազմից հետո Մերձավոր Արևելքում կայունության պահպանմանը նպաստելու նպատակով։

Al Jadeed-ի փոխանցմամբ՝ Հռոմում հանդիպումից հետո Լիբանանի, Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական փորձագետները կշարունակեն քննարկել տեխնիկական մանրամասները՝ անվտանգության միջոցառումների վերաբերյալ համապարփակ համաձայնության հասնելու համար։