|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Եթե Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ անդրադառնա Միքայել սրբազանի գործով դատավարական խախտումներից թեկուզ մեկին, ապա առաջին ատյանի կայացրած դատավճիռն անվերապահորեն պետք է բեկանվի, գրում է Սպուտնիկ Արմենիան։
Այսօր Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել սրբազանի պաշտպանական խմբից Մարինե Ֆարմանյանը՝ շեշտելով, եթե իսկական իրավաբանության մասին է խոսվում։
Նշենք, որ այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանում վերջին նիստն է։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռը կայացնելու։
Լրագրողների խնդրանքով՝ Մարինե Ֆարմանյանը մեկնաբանել է հնարավոր ելքերը։
«Իհարկե, բազմիցս ասել ենք՝ եթե քրեադատավարական ընթացակարգերի տեսանկյունից նայենք, ապա այս գործն առհասարական դատարանում չպետք է լիներ։ Պաշտպանական կողմը պնդում է, որ սա քաղաքական հետապնդում է՝ բազմաթիվ խախտումների առկայությամբ։ Ինչ որոշում կկայացնի դատարանը, չենք կարող կանխատեսել, բայց դատարանի լիազորությունների շրջանակը հետևյալն է․ կա՛մ պետք է բեկանի առաջին ատյանի դատավճիռն ու արդարացման դատական ակտ կայացնի, կա՛մ նյութաիրավական, դատավարական իրավունքների խախտումներ արձանագրի և, ենթադրենք, բեկանի և ուղարկի ըստ ընդդատության քննելու, կա՛մ փոփոխի դատական ակտը»,- նշեց Ֆարմանյանը՝ հավելելով, որ բազմաթիվ իրավիճակներ կան։
Նա ընդգծեց՝ առաջին ատյանի դատարանը քաղաքական, այլ ոչ թե արդարադատությունից բխող վերդիկտ է կայացրել։ Պաշտպանական խումբը հույս ունի, որ Վերաքննիչ դատարանը կկարողանա չտրվել ճնշումներին և արդարացման վճիռ կայացնել։ Իսկ եթե արձանագրվի ընդդատության հարցում խախտումն ու գործը կրկին առաջին ատյանի դատարան վերադարձվի նոր քննության, այս անգամ՝ Շիրակում, ապա պաշտպանները հույս ունեն, որ գոնե կվերացվի Միքայել սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը