կարևոր
520 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-25 17:30
Հասարակություն

Էս ո՞ւր ենք հասել, էս ի՞նչ ժամավաճառություն է․ ՀԷՑ-ի պետականացումից հետո գլխավոր դատախազությունում ոնց որ լույսերը լավ չեն աշխատում․ փաստաբանը՝ Միքայել Սրբազանի գործով դատական նիստին

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով 5-րդ դատական նիստը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ հետազոտվեցին նաև պաշտպանության կողմի միջնորդությամբ ներկայացված ապացույցները՝ փաստաթղթեր, նախաքննական մարմինների որոշումներ, զեկուցագրեր, ԶԼՄ հրապարակումներ։  Դատարանում, մասնավորապես, հետազոտվեց 2024թ․ ապրիլի 25-ին գլխավոր դատախազին ներկայացված ԻՔՄ հաղորդումը և դրան ուղղված պատասխանը։ Մասնավորապես, փաստաբան Ռոման Ահարոնյանը հիշեցրել էր, որ Միքայել Սրբազանի՝ 2023թ սեպտեմբերի 26-ին «Օրագիր Նյուզին» տրված հարցազրույցից հետո Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել՝ իբրև իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր կատարելու հատկանիշներով, սակայն դատախազությունը փաստել է, որ հանցակազմ առկա չէ և քրեական վարույթ չի նախաձեռնվել, հետապնդում՝ չի իրականացվել։ Փաստաբան Ռոման Ահարոնյանի դիտարկմամբ՝ դատախազության պատասխանից հետևում է, որ քննարկվել է կոնկրետ անձի կոնկրետ վարքագիծը և հանցանք առկա չէ։ Պաշտպանության կողմը նաև որպես ապացույց ներկայացրեց լեզվաբան-փորձագետի կարծիք՝ Սրբազանի խոսքի կոնտեքստի վերաբերյալ, համաձայն որի՝ հարցազրույցի տեսագրությունում որևէ կոչ չկա, պատմողական նախադասություն է։ 

Այսօրվա նիստի ժամանակ դատավորը պաշտպանական կողմից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ փորձագետ, և ոչ թե՝  մասնագետ։ Շուրջ կես ժամ  հանրային մեղադրողներին ու դատավորներին պաշտպանները բացատրում էին երկու հասկացությունների տարբերությունը, որից հետո պաշտպանական կողմը դատարանին ներկայացրեց լեզվաբան-փորձագետների կարծիքները՝ Միքայել Սրբազանի արտահայտած հրապարակային խոսքի վերաբերյալ։

Դատական նիստի ժամանակ Միքայել Սրբազանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը դմելով դատավորին ու հանրային մեղադրողներին ասաց․ «Էս ո՞ւր ենք հասել, էս ի՞նչ ժամավաճառություն է․ ՀԷՑ-ի պետականացումից հետո գլխավոր դատախազությունում ոնց որ լույսերը լավ չեն աշխատում»։ Խոսքն ուղղելով հանրային մեղադրողներին փաստաբանն ասաց․ «Ձեր առարկությունները սովետմիության տրամաբանության մեջ են»։

Մանրամասն՝ տեսանյութում։