կարևոր
1132 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-27 19:10
Քաղաքական

Դիվանագիտական լեզվով պարզ ակնկալիք է, որ վերջ տրվի Հայ Եկեղեցու նկատմամբ արշավին. Գևորգ Դանիելյանը՝ ԵԽԽՎ բանաձևի մասին

Դիվանագիտական լեզվով պարզ ակնկալիք է, որ վերջ տրվի Հայ Եկեղեցու նկատմամբ արշավին. Գևորգ Դանիելյանը՝ ԵԽԽՎ բանաձևի մասին

ԵԽԽՎ 2026թ. հունվարի 26-ի թիվ 2633(2026) բանաձևը սոցցանցերով անհարկի նենգափոխված է լուսաբանվում, նշել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

Ըստ նրա, միջազգային իրավական փաստաթղթերի խիստ քաղաքականացվածության մասին անգամ ավելորդ է խոսել, սակայն նույնիսկ այս համատեքստում հիշյալ բանաձևը միանշանակ ամրագրում է բոլորովին այլ դրույթներ.

«- Նախ, Վեհաժողովը ոչ թե դատապարտում է մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը յուրացնելու փաստը, այլ սոսկ դրանց վերաբերյալ հաղորդումները, իսկ թե ովքեր են հաղորդումների հեղինակները, հանրահայտ է, դրանց միացել է անգամ խորհրդարանը. «Վեհաժողովը ցավում է Հայաստանում բոլոր կողմերի կողմից քաղաքական հակառակորդների չափից դուրս բևեռացման և խարանման համար: Այն խորապես մտահոգված է վարչապետի և Հայ եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը յուրացնելու դավադրության մասին հաղորդումներով».

֊ «Վեհաժողովը ցավում է Հայաստանում բոլոր կողմերի կողմից քաղաքական հակառակորդների չափից դուրս բևեռացման և խարանման համար: Այն խորապես մտահոգված է վարչապետի և Հայ եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ»։ Սա դիվանագիտական լեզվով պարզ ակնկալիք է, որ վերջ տրվի Հայ Եկեղեցու նկատմամբ արշավին, որի մասին պարզապես լռում են քարոզիչները.

- Վեհաժողովը փաստում է, որ նախընտրական գործընթացներում առկա են լրջագույն շեղումների առնչությամբ ոչ թե հաղորդումներ, այլ փաստեր. «Վեհաժողովը վերահաստատում է հանրային ռեսուրսների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը։ 2026 թվականի հունիսին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ Վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու համար, որ նախընտրական քարոզարշավը լինի հիմնախնդիրների և քաղաքականության վրա հիմնված և զերծ ընտրության մասնակիցների միջև անձնական հարձակումներից: Այս համատեքստում Վեհաժողովը հղում է անում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի (ECRI) առաջարկությանը, որ «ընտրված մարմինները և քաղաքական կուսակցությունները պետք է ընդունեն վարքագծի համապատասխան կանոններ, որոնք արգելում են ատելության խոսքի օգտագործումը, կոչ են անում իրենց անդամներին և հետևորդներին ձեռնպահ մնալ այն ներգրավվելուց, հաստատելուց կամ տարածելուց և նախատեսել պատժամիջոցներ»:

֊ Վերջապես, Վեհաժողովը Ադրբեջանի համար պարտադիր է համարել «հայ կալանավորների» հանձնումը ...»։

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր. «Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին»։