կարևոր
865 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-20 22:35
Հասարակություն

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան սրբազանին գաղտնալսելու համար. Արա Զոհրաբյան

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան սրբազանին գաղտնալսելու համար. Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է.

«Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու առիթով

Ինչպես հիշում եք, 2025թ. հոկտեմբերի 17-ին civic.am֊ը հրապարակել էր մի նյութ, որտեղ նշվել էր՝ «Համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։»: Նույն աղբյուրում հրապարակվել է նաև հեռախոսային խոսակցությունների ձայնագրություն:

Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն ․․ հարկադրելը..):

2025թ․ հոկտեմբերի 22-ին հաղորդում եմ ներկայացրել խնդրելով քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի հատկանիշներով (հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելը):

Ինչպես և սպասվում էր, 29.10.2025թ․ Քննչական կոմիտեն մերժել է քրեական վարույթ նախաձեռնելը, իսկ դրա դեմ բերված բողոքը 18.11.2025թ․ իր հերթին մերժել էր ՀՀ գլխավոր դատախազությունը:

Իրավապահ մարմիններին ընդհանրապես չի հետաքրքրել, որ հեռախոսային խոսակցության նշված ձայնագրությունը կատարվել է գաղտնի և ամենայն հավանականությամբ տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով, քանի որ միայն այդ կերպ էր հնարավոր երեք տարբեր անձանց հեռախոսային խոսակցությունները ձայնագրել: Հնարավոր է նաև, որ այդ խոսակցությունները հետագայում մոնտաժված և փոփոխված լինեն:

Գլխավոր դատախազության մերժումը ստանալուց հետո բողոք եմ ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (դատավոր՝ Ա․Մելիքսեթյան):

Դատարանի որոշմամբ բողոքը բավարարվել է և վարույթի հանրային մասնակցին պարտավորեցվել է նախաձեռնել քրեական վարույթ:

Դատարանը նշել է, որ «..առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, ուստի քննիչը պարտավոր էր քրեական վարույթ նախաձեռնել և ստուգել հաղորդման մեջ նշված փաստերը»: