կարևոր
856 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-22 18:57
Հասարակություն

Խոսքս ուղղված է լուսահոգի հայրիկիս մոլորված հոգեզավակներին, նաև նրանց, ովքեր գոտեպնդվելու կարիք ունեն. Տեր Կյուրեղ քահանայի դստեր գրառումը

Խոսքս ուղղված է լուսահոգի հայրիկիս մոլորված հոգեզավակներին,  նաև նրանց, ովքեր գոտեպնդվելու կարիք ունեն. Տեր Կյուրեղ քահանայի դստեր գրառումը

Լուսահոգի Տեր Կյուրեղ քահանա Տալյանի դուստր Ծովինարը գրել է.

«Շատ երկար հասունանում էր այս ասելիքս, բայց բարդ էր մի քիչ ճիշտ ձևն ու պահը գտնելը:

Այսօր մեկնում եմ հայրենիքից 2 շաբաթով` սիրտս կախ, որ այս ճակատագրական պահին չեմ կարողանալու լինել իմ եկեղեցու կողքին:

Խոսքս ուղղված է հիմնականում իմ լուսահոգի հայրիկի այն հոգեզավակներին, ովքեր այսօր մոլորվել են, և նաև նրանց, ովքեր գոտեպնդվելու կարիք ունեն:

Իր մահից հետո ես բոլորիդ մեջ տեսել եմ իր մի մասնիկը և մխիթարվել` խճանկարի պես ձեզնով հավաքելով իր ներկայությունը:

Ես իմ հայրիկի միսն ու արյունն եմ, իր հետ ապրել եմ 30 տարի, իրենից եմ ստացել նաև հոգևոր դաստիարակությունս, հուսամ, որ նաև որոշակի հոգևոր արթնություն եմ ժառանգել: Իմ հայրիկը շատ լայնախոհ և բարեսիրտ մարդ էր, դա բոլորը կփաստեն:

Բայց կային հարցեր, որոնց մասին իր դիրքորոշումը կատեգորիկ էր և անփոփոխ:

Եթե ինձ չեք հավատա, հիշե´ք 2018թ.-ի պիղծ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ժամանակ իր կեցվածքն ու գործողությունները: Անգամ հաղորդություն չտվեց նրանց, ովքեր Վեհափառ Հայրապետի անունն ընթերցելիս մեջքով շրջվեցին խորանին: Ես լիովին համոզված եմ, որ հիմա էլ ինքը լինելու էր ճիշտ դիրքում, լինելու էր ամենաառաջին գծում, երեկ լինելու էր Մայր Տաճարի ներսում, իսկ եթե բախումներ լինեին, ինքն իրեն վտանգելու էր և կանգներ մեջտեղում` խաղաղություն տարածելով, ինչպես 2008թ.-ի մարտի 1-ին արեց:

Եւ ինչպես կենդանության օրոք, այնպես էլ հիմա թող իր այս խորաթափանց հայացքը սթափեցնի ոմանց, իսկ մնացածին գոտեպնդի, որ հարկ եղած դեպքում կանգնած լինենք մեր գերագույն արժեքների, մեր եկեղեցու և հայրենիքի համար պայքարի առաջին գծում:

Տէ´ր, անսասա´ն պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»: