կարևոր
346 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-19 15:36
Հասարակություն

Աբրահամ, Գևորգ և Վազգեն սրբազաններն այլևս Գերագույն հոգևոր խորհրդի կազմում չեն. Տեր Եսայի

Գերագույն հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ, Գևորգ և Վազգեն սրբազանները․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Իսկ թե ովքեր են փոխարինել՝ Տեր Եսային նշեց Մակար սրբազանին, ինչպես նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս սրբազանին։

Նա հիշեցրեց, որ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն ընտրվում կամ նշանակվում են՝ կախված աշխարհամասից և տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքից, և այս դեպքում էլ Վազգեն սրբազանը, քանի որ Վիրահայոց թեմի առաջնորդ չէ, որոշվել է նրան փոխարինել։

Հարցին, թե Վազգեն սրբազանը, ով ոչ միայն միացել է եկեղեցու դեմ պայքարին, այլ նաև տևական ժամանակ լքել է թեմը և եկել Հայաստան, արդյոք այս հիմքով կարգալուծության հարց կբարձրացվի, Տեր Եսային ասաց, որ հարցը քննության և ուշադրության կենտրոնում է։ «Համապատասխան արձագանք և քննություն կլինի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Արցախի թեմի առաջնորդին փոխելու կոչ-նամակին, ասաց, որ Վեհափառ հայրապետը տեղյակ է այդ բաց նամակից, սակայն նրանց նկատմամբ պաշտոններից հեռացման հարցով, եթե որոշում լինի, պատշաճ կերպով կծանուցեն։

«Այս պահին գործընթաց է, և ակնկալում ենք, որ ամեն ինչ կլուծվի եկեղեցու ներքին խաղաղությունն ու միասնությունը պահպանելով»,- ասաց նա։