Փոխարժեքներ
24 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Վարդավառի տոնին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պատարագ կմատուցվի, որին կմասնակցեն նաև այնտեղ պահվող արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Մենք գրավոր դիմումներ ենք ուղարկել ՔԿՀ, և մեզ թույլ են տվել ծառայությունն անցկացնել այս կիրակի։ Պատարագը կվարի ՔԿՀ-ի հոգևորականը, և, բնականաբար, արքեպիսկոպոսները ներկա կլինեն», - տեղեկացրեց իրավաբանը։
Փաստաբանը ավելացրեց, որ ՔԿՀ աշխատակիցները ուշադիր են Միքայել Աջապահյանի նկատմամբ, և նա բողոքներ, դժգոհություններ չունի, նրա առողջական վիճակը նույնպես բավարար է։
«Արքեպիսկոպոսը զբաղված է հոգևոր գրականություն կարդալով։ Նա խնդրել է մի քանի գիրք, որոնք փոխանցել են իրեն», - ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով` այս պահին դեռ չեն նախատեսում նոր հայցեր ներկայացնել պաշտոնյաների դեմ, թեև այդ հարցը քննարկել են Աջապահյանի հետ։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանն էլ հայտնեց, որ հոգևորականները շարունակում են մնալ նույն խցում: Բագրատ սրբազանը ևս չի բողոքում կալանավորման պայմաններից կամ ՔԿՀ աշխատակիցների վերաբերմունքից:
«Սրբազանը հոգով ուժեղ է և առույգ։ Զբաղվում է ընթերցանությամբ, հոգևոր գրականություն է կարդում, ուսումնասիրում է ֆրանսերեն և պարսկերեն: Այն ամենին, ինչ տեղի է ունենում, հումորով է վերաբերվում, հասկանում է, որ այդ բոլոր կեղծ, շինծու քաղաքական հետապնդումները կմնան անցյալում, և արդարությունը կհաղթանակի»,– ասաց Հարությունյանը։
Փաստաբանը նշեց, որ ինչպես նախորդ օրերին, այսօր նույնպես այցելելու է Բագրատ սրբազանին, հատկապես որ այսօր նրա ձեռնադրման 30 տարին է։