կարևոր
2791 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-22 18:35
Աշխարհ

Շվեյցարիայի կառավարությունը որոշել է հրաժարվել պետական ​​դպրոցներում հիջաբներ կրելու արգելքից

Շվեյցարիայի կառավարությունը որոշել է հրաժարվել պետական ​​դպրոցներում հիջաբներ կրելու արգելքից

Շվեյցարիայի Ազգային խորհուրդը որոշել է պետական ​​դպրոցների աշակերտուհիներին չարգելել հիջաբ կրել։ Որոշման մասին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից։

Երկրի խորհրդարանը նախկինում կառավարությանը 16 տարեկանից փոքր աշակերտուհիների համար գլխաշոր կրելու արգելքի հնարավորությունը ուսումնասիրելու հարցապնդում էր ներկայացրել։ Մասնավորապես, խորհրդարանականները հետաքրքրված էին՝ արդյոք նման արգելքը կարո՞ղ է «երաշխավորել բոլոր աղջիկների մասնակցությունը ֆիզկուլտուրայի դասերին»։

Շվեյցարիայի կառավարությունում եզրակացրել են, որ «իրավական տեսանկյունից բոլոր աղջիկների մասնակցությունը դասերին, ներառյալ՝ ֆիզկուլտուրայի և լողի, երաշխավորված է»։ Ազգային խորհրդում ընդգծել են նաև, որ դաշնային իշխանություններն իրենց խնդիրներից մեկն են համարում պետության, դրանց թվում՝ պետական ​​դպրոցների չեզոքության ապահովումը կրոնական խորհրդանիշների նկատմամբ։ «Այդ պատճառներով Ազգային խորհուրդը մերժում է պետական ​​դպրոցներում երեխաներին  գլխաշոր կրելու ընդհանուր արգելքը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Կառավարությունում միաժամանակ հավելել են, որ «ամեն դեպքում, ազատ հասարակությունում անձնական տեսքին վերաբերող կարգավորումները կարող են մտցվել միայն սահմանափակ ձևով»։ Իր եզրակացության մեջ կառավարությունը նաև հիշեցրել է, որ դպրոցական կրթության հարցերը, ինչպես նաև եկեղեցու և պետության միջև հարաբերությունները կարգավորող կանոնակարգերը տնօրինում են կանտոնները: Տարածաշրջանային իշխանությունները ավելի վաղ նմանատիպ արգելքներ էին ընդունել, սակայն Դաշնային դատարանը 2015 թվականին որոշել էր, որ պետական ​​դպրոցներում գլխաշոր կրելու ընդհանուր արգելքը հակասում է Սահմանադրությանը։

2022 թվականին կառավարությանը հարցում է ներկայացրել «Կենտրոն» կուսակցության պատգամավոր Մարիան Բինդեր-Կելլերը: Այնտեղ նա կարծիք է հայտնել, որ դպրոցներում երեխաները պետք է «ազատորեն մեծանան՝ առանց գլխաշորի»: Նրա համոզմամբ՝ հիջաբ կրելը մահմեդական աղջիկների նկատմամբ խտրականություն է և դպրոցներում տեղ չունի: