կարևոր
3217 դիտում, 20 ժամ առաջ - 2025-07-31 12:11
Հասարակություն

Ջավախահայությանը հուզող խնդիրը մասամբ լուծվեց. նրանք երեք ամիս չեն տուգանվի ՀՀ տարածքում

Ջավախահայությանը հուզող խնդիրը մասամբ լուծվեց. նրանք երեք ամիս չեն տուգանվի ՀՀ տարածքում

ՆԳՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ունեցող անձը Հայաստան մուտք գործելու պահից սկսած երեք ամիս կարող է տրանսպորտային միջոց վարել օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով և չենթարկվել վարչական պատասախանատվության։

Օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ Հայաստանում գտնվող օտարերկրյա վարորդական իրավունքի վկայական ունեցող քաղաքացիների և երկքաղաքացիների վրա ևս օրենսդրական փոփոխությունը տարածվում է։

Փաստենք, որ մինչ օրս վրաստանաբնակ այն հայերը (հիմնականում՝ ջավախահայերը),  ովքեր ունեն նաև ՀՀ քաղաքացիություն և ՀՀ են մուտք գործում Վրաստանի քաղաքացիության անձնագրով և վրացական վարորդական իրավունքի վկայականով, ՀՀ տարածքում պարեկների կողմից զանգվածորեն տուգանվում էին:

Հիշեցնենք՝ այս անարդար մոտեցման մասին տարվա սկզբներին բարձրաձայնել էր ՀՀ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նա դիմել էր ՀՀ ներքին գործերի նախարարությանը և պետական պատկան մարմիններին՝ նշված հարցին շուտափույթ լուծում տալու, ջավախահայությանը ՀՀ տարածքում ապօրինի կերպով տուգանելու գործընթացը շուտափույթ դադարեցնելու պահանջով: Դրան հաջորդեց ՆԳ նախարարության և անձամբ նախարարի հայտարարություններն առ այն, շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում։ Չնայած, որ նշված գերատեսչության ներկայացուցիչները հայտարարեցին, որ տվյալ որոշման վերանայումը կաղճատի երկքաղաքացիության ինստիտուտը (ինչի հետ կտրականապես համաձայն չէր պատգամավորը, քանի որ խոսքը ճիշտ հակառակի մասին է՝ տվյալ որոշումը կամրապնդի ՀՀ տարածքից դուրս ապրող հայության կապը մայր պետության հետ), այդուհանդերձ, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԱԺ ամբիոնից վերահաստատել էր, ըստ որի՝ ՀՀ երկքաղաքացիներին կթույլատրվի իրենց վարորդական վկայականներով վարել տրանսպորտային միջոցը մինչև 1 ամիս։ 

Չնայած դրական տեղաշարժին, այդուհանդերձ, ՆԳ նախարարի պատասխանը չէր  փարատել պատգամավորի մտահոգությունները. «Հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծելու մեկ ամսյա ժամկետի սահմանումը։ Եթե հնարավոր է այլ երկրի վարորդական վկայականով երթևեկել 1 ամիս, ինչո՞ւ հնարավոր չէ անժամկետ երթևեկության թույլատրումը։ Շարունակելու եմ հետամուտ լինել խնդրին, որպեսզի ջավախահայերը, որոնք ունեն վրացական անձնագրեր և վարորդական վկայականներ, ՀՀ-ում կարողանան երթևեկել առանց որևէ խոչընդոտի»,- հայտարարել էր Գառնիկ Դանիելյանը: 

Ամիսներ անց, փաստորեն, սահմանվեց ՀՀ տարածքում օտարերկրյա (վրացական)  վարորդականներով երթևեկության թույլատրման արդեն եռամսյա ժամկետ: Ինչ խոսք դրական որոշում է: Այդուհանդերձ, կրկին անպատասպան է մնում այն հարցը, թե արդյո՞ք հնարավոր չէր նշված ժամկետը հավասարեցնել վրաստանաբնակ հայության՝ վրացական պետհամարանիշով ավտոմեքենայով ՀՀ տարածք մուտք գործելիս սահմանված ժամկետին (դա հիմնականում մինչև մեկ տարի է):