կարևոր
5368 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-21 10:53
Քաղաքական

Հարցեր, որոնց պատասխանները դեռ «օդում կախված» են. կարևորը՝ մեծ «հաջողությամբ» պատերազմում են երկրի ներսում. «Փաստ»

Հարցեր, որոնց պատասխանները դեռ «օդում կախված» են. կարևորը՝ մեծ «հաջողությամբ» պատերազմում են երկրի ներսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհից հետո, որը զինվորների մահվան պատճառ դարձավ, իշխանություններն այս անգամ ևս ամեն ինչ արեցին միայն սեփական դեմքը փրկելու համար։ Մի քանի բարձրաստիճան զինվորականներ ազատվեցին իրենց պաշտոններից, իսկ կառավարության նիստում Փաշինյանը միանգամից սկսեց մանրամասներ ներկայացնել, թե հրդեհը բռնկվել է սպայի կողմից բենզինը վառարան լցնելու արդյունքում։

Բազմաթիվ փորձագետներ արդեն իսկ նշում են, որ սա նախաքննությունն ուղղորդելու և սեփական ձախողումներն ու անգործությունը (սա՝ լավագույն դեպքում) մաքրելու և մեղավորությունը զինվորականների կողմն ուղղելու հերթական փորձն է։ Հատկապես, որ այդպես նրանք վարվել են միշտ, առավել ևս՝ պատերազմից հետո, երբ փորձ էր կատարվում ողջ պատասխանատվությունը գցել զինվորականների ուսերին։ Այնինչ, ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն և մեղավորը հենց իշխանություններն են՝ Փաշինյանի գլխավորությամբ։

Նրանց գործողությունների (անգործության) հետևանքով է, որ պետական ինստիտուտներում և առաջին հերթին բանակում ամենաթողություն ու քաոսային վիճակ է տիրում։ Ժամանակին Փաշինյանը բանակի շուրջ «տրուսիկ-մայկայի» թեման սարքել էր մատի փաթաթան։ Իսկ երբ մեկ զոհ էր լինում կամ էլ մի քանի հեկտար տարածքի կորուստ էր գրանցվում, նա ու իր թիմակիցները օրուգիշեր աղմուկ էին բարձրացնում և քաղաքական դիվիդենտներ հավաքում։

Ընդ որում, ներկայում իշխանական պրոպագանդան այնպիսի քարոզչական ֆոն է ստեղծում, թե նախկինում զինվորները նորմալ սպառազինություն չեն ունեցել և նույնիսկ սոված էին մնում, իսկ երբ Փաշինյանն իշխանության եկավ, այդ ժամանակից զինվորների վիճակը անմիջապես բարելավվեց, նրանք ոչ միայն սկսեցին լավ սնվել, այլև անգամ նրանց ելակով էին կերակրում։ Սակայն այդ քարոզչական փուչիկը շատ արագ պայթեց, քանի որ բանակն այսօր ուղղակի բախտի քմահաճույքին է մատնված։ Իշխանություններին չի հաջողվել անգամ կազմակերպական հարցերը լուծել, ուր մնաց, որ առանցքային խնդիրներում առաջընթաց գրանցվի։

Երևի կհիշեք, թե Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորներն ու զինվորականներն ինչպես էին բողոքում, որ իրենց առանց առաջին անհրաժեշտության միջոցների, վատ եղանակին տարել ու անիմաստ կանգնեցրել են Արցախի ինչ-որ տեղանքում՝ թողնելով առանց նորմալ սննդի ու սպառազինության։ Մյուս կողմից էլ՝ այդ օրերին տպավորություն էր, թե կանոնավոր բանակ չունենք, և համայնքապետերը պետք է կամավորականներ հավաքեն՝ առաջնագիծ մեկնելու համար։ Իսկ մինչ այդ իշխանական քարոզչամեքենան իր «տակտիկական նահանջներով» ու «գյոռբագյոռ» օպերացիաներով բթացնում էր հանրության զգոնությունը։ Իսկ վերջին շրջանում այնպիսի իրադարձություններ են կատարվում, որ ուղղակի ապշել կարելի է։ Պարբերաբար լսում ենք ոչ մարտական պայմաններում, ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում գրանցվող միջադեպերի մասին, անընդհատ զոհեր ենք ունենում, կարծես մի «անտեսանելի» ձեռք «հնձում» է մեր տղերքին։

Մի խոսքով, զինված ուժերը կարգի բերելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում։ Նույնիսկ ընդհակառակը: Տպավորություն է, որ այս իշխանությունների նպատակն է բանակի ոգին մինչև վերջ կոտրելը։ Ավելին, թե՛ պատերազմից առաջ, թե՛, առավել ևս, հետո, նրանք ամեն ինչ անում են հասնելու բանակի կազմալուծմանը, երբ ի վերջո կթողնեն միայն սահմանապահ ծառայություն, ու այդպիսով հարցը կփակվի։ Այլ կերպ չես բացատրի զինվորականների վրա պարբերաբար հարձակումները, բանակի ոտքի կանգնելու ուղղությամբ քայլ անգամ չանելը:

Օրինակ՝ ինչպե՞ս է ստացվում, որ ՊՆ ոլորտին հատկացված 360 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 170 մլրդ-ը: Խնայե՞լ են: Ինչո՞ւ, ո՞ւմ երեխեքի կյանքի հաշվին... Ինչո՞ւ, ինչո՞վ է խանգարում մեր բանակը, առավել ևս՝ ո՞ւմ է խանգարում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ «օդում կախված» են: Կստանա՞նք երբևէ այդ պատասխանները, կարծում ենք՝ այո: Կարևորը՝ շատ ուշ ու արդեն անիմաստ չլինի: Իսկ մինչ այդ... Այս ամենը կոծկելու, այս ամենից շեղելու համար ի՞նչ է պետք Նիկոլ Փաշինյանին: Ճիշտ է, ինչպես միշտ, որևէ «քրեական գործ» նետել հանրությանը: Այս անգամ թիրախը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր: Հինգ տարվա իշխանավարումից հետո, Ազատի ողբերգությունից մեկ օր անց...

Ինչպես ասում են, այս իշխանության ձեռագիրը չի փոխվում, չորս տարի նույն ճանապարհով են գնում, ու ոչ մի կրեատիվություն: Սակայն այստեղ ուշագրավ այլ պահ էլ կա:

Նախ՝ շատ փորձագետների կարծիքով, այս քայլը ևս տեղավորվում է ոչ միայն շեղելու, մեղավորությունը իրենցից հեռացնելու, այլև չորս տարի շարունակ բանակը, Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին, հաղթանակը կրողներին, հատկապես ղեկավարներին վարկաբեկելու, բանակի, զինվորականների դեմ տարվող գլոբալ արշավի տրամաբանության մեջ:

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ալիևի առջև «կուչուձիգ» գալ, Արցախը դրել է ծանրագույն վիճակում, Հայաստանը հասցրել է խայտառակ վիճակի, սակայն մեծ «հաջողությամբ» պատերազմում է երկրի ներսում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում