կարևոր
2929 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-31 14:55
Քաղաքական

Նիկոլը սեպտեմբերին հայտարարում էր, որ փաստաթուղթ չկա սեղանին. պարզվեց, որ սեպտեմբերի սկզբին արդեն կային ռուսական և ամերիկյան փաստաթղթերը. Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հիշեցրեց, որ սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն է  ունեցել, որ սեղանի վրա չկա որևէ փաստաթուղթ, բայց վերջին հայտարարությունների  ժամանակ ասաց, որ դեռևս սեպտեմբերի սկզբին համաձայնություն է տվել ռուսական կողմի փաստաթղթին։ 

«Բացի այդ, պարզվել է, որ սեպտեմբերի 7-ի թվագրությամբ գոյություն ունի ամերիկյան տարբերակ։ Մեկ անգամ ևս արձանագրենք, որ սուտ է խոսել։ Այն, որ նայում էր ժողովրդի աչքերին ու ասում էր փաստաթուղթ չկա, խաբել է։ Այդ փաստաթղթերն իր դարակում դրված էր»,- ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, նա ասաց. «Երբ հայտարարում է,  որ կողմ է ռուսական կողմի ներկայացրած առաջարկներին,դա  որևէ արժեք չունի, քանի դեռ հստակ չի հայտարարում, որ մերժում է արևմտյան մյուս տարբերակը, այսինքն տարբերակ, որը սահմանափակում է  Արցախի ինքնորշման իրավունքը, առհասարակ Արցախի հարցը։ Քանի դեռ ինքն այդ հայտարարությունը չի արել, մնացածը բառախաղ է, հասարակությանը կրկին մոլորեցնելու,  միջազգային հանրության հետ գավառական ճարպկությամբ ինչ-որ քաղաքականություն վարելու և մանևրելու փորձեր։ Այսինքն, երբ կա սեղանին դրված առաջարկ և Պրահայում դրան համաձայնություն տվել է, որով, ըստ էության Արցախն  Ադրբեջանի կազմում է, կամ քանի դեռ պաշտոնապես չի մերժել՝ նրա հայտարարություններն ընդամենը կեղծիք են,  անարժեք խոսքեր»։

Ինչ վերաբերում է այսօր Սոչիում նախատեսված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանը, նա նշեց որ, բնականաբար,  որևէ վերջնական փաստաթուղթ չի ստորագրվելու, արդյունքներին կծանոթանան երեկոյան, վաղը, ըստ դրա, կարձագանքեն։