կարևոր
14437 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-21 20:08
Քաղաքական

Գիտենք թե՛ նրանց օրակարգը, թե՛ նրանց ձեռագիրը. Լիլիթ Գալստյանը` Համաշխարհային հայկական գագաթնաժողովին ՀՅԴ-ի չմասնակցության մասին

Գիտենք թե՛ նրանց օրակարգը, թե՛ նրանց ձեռագիրը. Լիլիթ Գալստյանը` Համաշխարհային հայկական գագաթնաժողովին ՀՅԴ-ի չմասնակցության մասին

Հոկտեմբերի 28-ից 31-ը Երեւանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթնաժողովը։ Հայ Առաքելական եկեղեցին (ներառյալ Կիլիկիո կաթողիկոսարանը) արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու գագաթնաժողովին։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը ևս չի պատրաստվում մասնակցել։ Այս և այլ թեմաների շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ։

«Մենք չենք մասնակցելու:  Առհասարակ կեղծ և ապազգային օրակարգերին մասնակցությունը մերը չի:   Անցնող չորս տարիների ընթացքում, ինչ ստեղծվել է հանձնակատարի գրասենայկը, որևէ երևելի, աչքի ընկնող գործ չեմ նկատել: Կառավարության կառուցվածքից Սփյուռի նախարարության կրճատումն իսկ խոսում էր Սփյուռքի նկատմամբ այս իշխանությունների վերաբերմունքի մասին:  Այս ամենը տեղավորվում է ամեն բան մերժելու, ներազգային համախմբումը պառակտելու իշխանությունների որգեգրած քաղաքականության համատեքստում:  Իսկ հանձնակատարը զբաղված է նախորդի գործունեությունը  մերժելով,  Սփյուռքի ավանդական կառույցների դերակատարությունը նսեմացնելու փորձերով,  վերամբարձ խոստումներ տալով,  և ոչինչ չանելով:  Հենց սա էր պատճառը, որ  սփյուռքյան մի քանի համայնքներում,  մեղմ ասած չողջունվեց հանձնակատարի այցը:

Հարցին, թե արդյոք անհատ դաշնակցականներ ստացել են հրավեր, պատգամավորը նշեց, որ հրավիրյալների ցանկից տեղյակ չէ, և ինքը փոխանվում է կուսակցության հավաքական վերաբերմունքը:  

«Մենք այս իշխանություններին հստակ գնահատական ենք տվել. ապազգային իշխանություններ, որոնք  հեռու են ազգային պետական շահերի գիտակցումից, ավելին՝ սրանց վարած հայրենազրկումի և ուրացումի քաղաքականության արդյունքում ողջ հայությունն ու Սփյուռքը աներևկայելի տագնապներև մարտահրավերներ  են ապրում, ընդհուպ՝ պետականության կորստի սպառնալիք: Անկախության երեսուն տարիներին Սփյուռքը երբեք այսքան օտարված  չի եղել Հայրենիքից: Մեր նվիրական երազներից ու ձեռքբերումներից հրաժարվածների հետ մենք գնալու ճանապարհ չունենք: Դաշնակցությունը՝ իր բոլոր կառույցներով` նկատի ունեմ քույր կառույցները, մերժել են մասնակցությունը։ Օրերս այդ կառույցի հետ աշխատելու մերժում հնչեցրին երկու կաթողիկոսները։ Նրանք մերժել են մասնակցությունը, որովհետև սա ապազգային, ազգային ջլատման, քայքայման քաղաքականություն վարող օղակներից մեկն է, և մասնակցությունը նշանակում է մաս դառնալ պառակտմանն ու ուրացմանը։ Կգտնվեն մարդիկ, որոնք կգան սնափառությունից ելնելով, մարդիկ, ում կշոյի Հայաստան գալը, մարդիկ, ովքեր Սփյուռքում այդքան խորը իմացություն չունեն՝ Հայաստանի իրական մարտահրավերներից, կամ  ապատեղեկատվության տիրույթում են: Սա հերթական անպտուղ, ոչինչ չասող, ոչ մի տեղ չտանող ծրագիր է։ Ես անհատներին չեմ թերագնահատում, բայց սա Սփյուռքի հետ ճիշտ աշխատելու ձեռագիր չէ»։

 Երկու վեհափառների կողմից այս ժողովի մասնակցության մերժումն, արդեն իսկ մեծագույն ապտակ է: Սա հայ իրականության մեջ պատմականորեն ահռելի վաստակ ունեցող ազգային կառույցի վերաբերմունքն է: Այսքանով արդեն  գնահատականը տրված է, ամեն ինչ ասված։

Անդրադառնալով Սփյուռքի վերաբերյալ թուրքական տեսակետներին (երբ, օրինակ, հայտարարում են, որ Սփյուռքը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը), և այս պայմաններում այստեղ գագաթնաժողով անել առանց Սփյուռքի կարևոր գործոն հանդիսացողների, պատգամավորը նշեց․

«Հակառակորդի ցանկություններն այդպես հեշտ չեն կատարվում։ Խնդիրը նա է, որ Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների ցանկություններն են շատ տարօրինակորեն սինխրոն։ Վտանգավորը դա է։ Բազմաթիվ առիթներ ենք ունեցել ապացուցելու և գնահատականներ տալու  ՀՀ իշխանություններն։ Սփյուռքը ջլատելն ամենամեծ թշնամանքն ու հարվածն  է համահայկական ներուժին։ Ավելի մեծ ռեսուրս՝ քան համահայակականության միասնությունն է՝ չունենք։ Ավաղ, իշխանություններն այլ վերաբերմունք ունեն: Հիշեք դաշնակացական գործիչներին Հայաստան մուտքի արտոնությունից զրկելը:  

Մեր իրական,  հավաքական խնդիրն այլ է՝համազգային օրակարգերի շուրջ վերականգնել Հայաստան-Արցած-Սփյուռք եռամիասնությունը:  Ամեն բան անելու ենք, որ հաջողենք: Սա է  մեր ուժականության և վերընձյուղվելու աղբյուրը»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Լ․ Ա․