|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ոչ իշխանական խմբակցությունները ստորագրահավաք էին սկսել` «Շրջանառության հարկի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու պահանջով արտահերթ նիստ հրավիրելու համար, սակայն պարզվեց, որ ոչ իշխանական խմբակցությունները ԱԺ նախագահի մոտ խորհրդակցության են հրավիրվել` հենց այդ թեմայով քննարկում անցկացնելու: Նշենք, որ խորհրդակցությանը մասնակելու էր եկել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդակցության ավարտից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թեև նիստի ժամանակ հինգ քաղաքական ուժերը առաջարկեցին քննարկում անցկացնել «Շրջանառության մասին» օրենքի վերաբերյալ, կառավարության պատասխանատուների մասնակցությամբ, և այն մերժվեց, այնուամենայնիվ, ողջամտությունը հաղթեց, և ԱԺ նախագահի մոտ հրավիրվեց խորհրդակցություն, որտեղ և հաջողվեց ընդհանուր եզրեր գտնել:
«Որոշվեց, որ հաջորդ քառօրյայում քննարկման է դրվելու այս հարցը, իսկ այսօրվա արտահերթ նիստը հետաձգվում է մինչև հաջորդ քառօրյա: Մոտեցումների միջև բավական ընդհանրություններ կան, և մենք գտնում են, որ կարող ենք այդ ընդանուր մոտեցումներով ներկայանալ հաջորդ քառօրյային: Մենք նաև ընդգծեցինք, որ եթե հաջորդ քառօրյային մենք ընդհանուր մոտեցումներ չձևավորվեն, ապա կրկին նախաձեռնելու ենք արտահերթ նիստ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նա չցանկացավ մանրամասներ ներկայացնել մոտեցումների վերաբերյալ, սակայն գլխավոր հարցն այն է, որ առաջարկվում է կամովին մոտեցում, այսինքն` փաստաթղթավորումը լինի կամավոր:
Լրագրողների հարցին` կա՞ մտավախություն, որ կառավարությունը կրկին կփորձի փափուկ բարձ դնել օրենսդիրների գլխի տակ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Կա դրական մոտեցում ու պայմանավորվածություն, թե նախնական գնահատականով ինչպես են պատկերացնում հարց լուծելը: Շատ ճիշտ եք` տառապանքի փորձով միշտ, երբ փորձել ենք համաձայնության գալ, ստացվել է, որ փափուկ բարձ են դրել, բայց ժամկետը ֆիքսված է»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մինչև հուլիսի 1-ը օրենքի կասեցման` կառավարության որոշումը ընդամենը ժամանակ ձգելու նպատակ է հետապնդում և որևէ կերպ չի կարգավորում խնդիրը։
«Այսօր` քննարկման ժամանակ, մենք առաջարկեցինք շատ կարճ ժամկետում, այն է՝ մինչև հաջորդ քառօրյան, թե մենք ինչ կերպ ենք տեսնում հարցի կարգավորումը, որը քննարկել ենք փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ, և հիմնական մեխը կամավորության սկզբունքն է: Բնականաբար, մենք մեր սկզբունքները չենք զիջելու, և մեր մոտեցումները այս երկշաբաթյա քննարկման արդյունքում հենված են լինելու բացառապես այդ սկզբունքների վրա։ Կգա՞նք կոմպրոմիսի, շատ լավ, չենք գա կոմպրոմիսի, հաջորդ քառօրյային արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը, մեր հիմնավորումներով, մնում է ուժի մեջ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, միայն մեկ բան նշեց. «Կանենք ամեն ինչ, որ ժողովրդի համար լավ լինի»: