Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Երևանում կայացած` կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովում ելույթ ունենալով, կողմ է արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Նա մանրամասն ներկայացրել է, թե ինչու է դա կարևոր ու ճիշտ բարեփոխում համարում Հայաստանի և նրա քաղաքացիների համար` կրկնելով այն նույն հիմնավորումները, որոնք ամիսներ շարունակ ներկայացնում է ՀՀ կառավարությունը:
Հեֆերնը Հայաստանի գործազուրկ քաղաքացի չէ, որն իր կենսաթոշակը կուտակելու հնարավորություն չունի: Նա նաև պետական ծառայող չէ, որի միջին աշխատավարձը հազիվ բավարարում է սպառողական նվազագույն զամբյուղի պահանջներին: Իբրև ԱՄՆ քաղաքացի` նրա համար չափազանց հեշտ է դասեր տալ Հայաստանում կենսաթոշակային համակարգի լավ ու վատ կողմերի մասին` առաջին հերթին այն պատճառով, որ չունի սեփական պետության նկատմամբ այն անվստահությունը, որով տառապում է Հայաստանի միջին քաղաքացին: Իսկ այդ միջին քաղաքացին արդեն մի քանի անգամ տեսել է, թե ինչպես են ցնդում վառ ապագայի սպասելիքներով տարիներ շարունակ խնայբանկերում կուտակած իր փողերը, թե ինչպես են նորաստեղծ բանկերը խաբեությամբ գողանում իրենց վերջին խնայողությունները, թե ինչպես է իշխանությունը տարատեսակ մեխանիզմներ մոգոնում` քաղաքացիների եկամուտներից որքան հնարավոր է շատ պոկելու և բանկերում «պտտեցնելու» միջոցով սեփական շահույթը մեծացնելու համար: Նրա կառավարությունը երբեք չի խորացնում հանրային անվստահությունը պետության նկատմամբ` հայտարարելով, թե այլևս չի կարող հոգալ իր կենսաթոշակառուների սոցիալական ապահովության խնդիրը, և յուրաքանչյուրը պարտավոր է այլևս սեփական գլուխը սեփական եղունգով քորել: Նրա կառավարությունը որևէ բարեփոխում չի հիմնավորում այս կամ այն ոլորտը կառավարելու հարցում սեփական անկարողությունը բացահայտ խոստովանելու միջոցով, ինչպես, օրինակ, դա անում է Հայաստանի ներկայիս կառավարությունը` նիրվանային հանգստությամբ հայտարարելով, թե համակարգի ներդրման պատճառն այն է, որ Հայաստանը ծերանում է: Որևէ երկրում ժողովրդագրական նման տենդենցներն առնվազն անմիջապես կհռչակվեին ազգային ու պետական անվտանգության սպառնալիք: Մինչդեռ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը հրապարակավ` Հանրային հեռուստաընկերության եթերից, ասում է, որ այս պայմաններում կուտակային համակարգի ներդրման ցանկացած ուշացած օր ավելի է մեծացնում պետության կենսաթոշակային բեռը, և որ կուտակային համակարգի ներդրումն ուղղված է պետության ուսերին մեծացող այդ բեռը թեթևացնելուն: Իր երկրում Հեֆերնը հաստատ որևէ նախարարի նման ուղերձից հետո կեզրակացներ, որ կառավարության համար էականը ոչ թե հասարակության ծերացման դեմն առնելն է, որի հաղթահարման որևէ հայեցակարգ զուգահեռաբար չի ներկայացվում, այլ դրա հետ համակերպումը` առնվազն 30-40 տարվա կտրվածքով:
Բայց այստեղ էականն այն չէ, թե ինչպես է ԱՄՆ դեսպանը հիմնավորում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելու անհրաժեշտությունը, այլ ի պաշտոնե նման տեսակետ արտահայտելու իրողությունը: Համաժողովը, որի ընթացքում Հեֆերնն արել է այդ հայտարարությունը, ըստ էության, բացառապես քարոզչական նշանակություն ուներ, որի նպատակը կառավարության իրականացրած կենսաթոշակային ռեֆորմին միջազգային ֆինանսական կառույցների և երկրների աջակցությունը ցուցադրելն էր, այսպես կոչված` դրա արտաքին լեգիտիմության ապահովումը: Բայց, ի տարբերություն համաժողովի մյուս` այդ կազմակերպությունները ներկայացնող մասնակիցների, Հեֆերնը մասնագետ չէ և համաժողովին չէր մասնակցում որպես կենսաթոշակային համակարգի փորձագետ: Նրա գնահատականներն ու մեկնաբանությունները քաղաքական նշանակություն ունեն և, որպես այդպիսին, առնչվում են այլ երկրի ներքին գործերին միջամտելու` դիվանագիտական էթիկետին: Սա Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսների ղեկավարների, ինչպես նաև օտարերկրյա չինովնիկների համար արդեն սովորական գործելակերպ է: Հեֆերնի նախորդը` Մարի Յովանովիչը, օրինակ, «արաբական գարնան» շրջանում` 2011թ. փետրվարին, Հայաստանի երիտասարդությանը գործելու և «սարեր շրջելու», ըստ էության, հեղափոխական կոչ էր հնչեցնում: Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը բարձրանում էր ընդդիմության հանրահավաքների հարթակ` «լավ տեսնելու» նպատակով, իսկ Lեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հրապարակավ հայտարարում էր Հայաստանում անպատժելիության առկայության մասին: Դեսպանների այս քաղաքական մարաթոնը դարձել է օրինաչափ Հայաստանի իշխանությունների կողմից երկակի ստանդարտներ կիրառելու պատճառով: Մի դեպքում, օրինակ, կարող են դեսպանին հրավիրել ԱԳՆ և ընկերաբար խնդրել ավելի զուսպ լինել: Իսկ նախագահը կարող է Հայաստանում որոշ «օտարերկրյա բարձրաստիճան դինավագետների» «նորաթուխ բլոգեր» անվանել` նրանց բաց տեքստով, անհաճո գնահատականների համար: Բայց մյուս դեպքում, երբ, ասենք, Եվրապառլամենտում ամենամեծ կուսակցության` ԵԺԿ նախկին ղեկավար Վիլֆրեդ Մարթենսը Բրյուսելից այն ժամանակ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին բացահայտ ու ապօրինի քարոզչություն էր իրականացնում, դա ընդունում էին որպես հաճոյախոսություն: Հեֆերնը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ դիտարկումներով ևս շոյում էր իշխանության գլուխը: Պարզ է, որ նրան ոչ ոք դրա համար ո'չ «նորաթուխ բլոգեր» կանվանի, ո'չ էլ ԱԳՆ կկանչի: Այնպես որ` նա և նրա մյուս կոլեգաները ազատ են` շարունակելու Հայաստանի ազգաբնակչությանը խելք սովորեցնելու իրենց առաքելությունը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ