կարևոր
2140 դիտում, 9 ժամ առաջ - 2026-11-04 17:27
Հասարակություն

Ուշիի վթարից տուժած 3 անձանցից 1-ը բեռնատարի վարորդն է. բժիշկը մանրամասներ է հայտնում

Ուշիի վթարից տուժած 3 անձանցից 1-ը բեռնատարի վարորդն է. բժիշկը մանրամասներ է հայտնում

Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում, ողբերգական ավտովթարից տուժած 3 քաղաքացիներն էլ շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, վիրաբույժ Աշոտ Կուրղինյանը։ Այս մասին գրոըմ է գրում է Սպուտնիկ Արմենիան։

Բժիշկը տեղեկացրեց, որ տուժածներից մեկը բեռնատարի վարորդն է։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։

«Նրա մոտ գանգի և դիմային ոսկրերի կոտրվածք կա, կրծքավանդակի վնասվածք, կողերի կոտրվածք, պնևմոթորաքս, և վիճակի ծանրությունը նաև կապված է հենց թոքերի հետ։ Նա դեռ կմնա ռեանիմացիոն բաժանմունքում»,–ասաց Կուրղինյանը։

Բժիշկը տեղեկացրեց, որ մյուս երկու տուժածներն էլ են այս պահին գտնվում վերակենդանացման բաժանմունքում։ Մեկի մոտ ձախ ազդոսկրի կոտրվածք է, նա երեկ վիրահատվել է, ու վիճակն ավելի բարվոք է։

«Հնարավոր է` նա այսօր տեղափոխվի ընդհանուր տրավմատոլոգիայի բաժանմունք», - նշեց բժիշկը։

Ինչ վերաբերում է երրորդ տուժածին` նա ունեցել է ներքին արնահոսություն։ Բժշկի փոխանցմամբ` փայծախը հեռացրել են։ Նա դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում։

Կուրղինյանը տեղեկացրեց նաև, որ երեք վիրավորն էլ 30-40 տարեկան տղամարդիկ են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3–ին` ժամը 21։10-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում, բախվել են «Jeep Compass», «Opel Zafira», «Chevrolet Volt» մակնիշների ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ 9 մարդ մահացել է, 3–ը վիրավոր են և գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում։

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ 9 զոհերից 3–ը Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղից էին՝ 50–ն անց ամուսիններ ու նրանց 18-ամյա որդին։