կարևոր
505 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-10 11:49
Տարածաշրջան

Քութայիսիում բացվել է «Թումո» կենտրոն․ հայկական կրթական ցանցը Վրաստանում գործում է 2022 թվականից

Քութայիսիում բացվել է «Թումո» կենտրոն․ հայկական կրթական ցանցը Վրաստանում գործում է 2022 թվականից

2026 թվականի հոկտեմբերի 8-ին Քութայիսիի տեխնոլոգիական հաբում տեղի է ունեցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացումը։

Կենտրոնը պաշտոնապես բացել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ Նա ծանոթացել է ուսումնական գործընթացին և հանդիպել առաջին հոսքի սաներին, որոնք ուսումը սկսել են բացումից մի քանի օր առաջ։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկությունների համաձայն՝ կենտրոնի կրթական ծրագրերին գրանցվել է շուրջ 1550 պատանի։ Սկզբնական փուլում ուսուցմանն արդեն միացել է 600 սան։

«Թումո Քութայիսի» կենտրոնը 12-18 տարեկան պատանիներին հնարավորություն է տալիս անվճար ուսումնասիրել ժամանակակից թվային տեխնոլոգիաներ և ստեղծարար ուղղություններ։

Կրթական ծրագիրը ներառում է ծրագրավորում, ռոբոտաշինություն, համակարգչային խաղերի ստեղծում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, լուսանկարչություն, կինոնկարահանում, երաժշտություն, նկարչություն և գեներատիվ արհեստական բանականության (Generative AI) հիմունքներ։

«Թումոյի» կրթական մոդելը հիմնված է ինքնուրույն ուսուցման սկզբունքի վրա և համատեղում է ինտերակտիվ ուսումնական մոդուլներ, գործնական սեմինարներ ու լաբորատոր պարապմունքներ։ Սաները գիտելիքներ և հմտություններ են ձեռք բերում իրական նախագծերի վրա աշխատելու ընթացքում։

Կենտրոնում ուսուցումն ամբողջությամբ ֆինանսավորվում է և անվճար է մասնակիցների համար։

Ծրագրի գլխավոր գործընկերը «Bank of Georgia»-ն է, որի աջակցությամբ Քութայիսիում բացվել է կենտրոնը։

Միջոցառման շրջանակում Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է նաև կենտրոնի ղեկավարությանը։ Քննարկվել են կրթական մոդելը և իրականացվող ծրագրերը։

Բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլին, Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության նախագահ Ավթանդիլ Կասրաձեն, «Թումոյի» հիմնադիրներ Մարի Լու Փափազյանը և Պեգոր Փափազյանը, Իմերեթիի տարածաշրջանում պետական լիազոր Լևան Զալկալիանին, «Bank of Georgia»-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։

Հարկ է նշել, որ «Թումոն» Վրաստանում առաջին անգամ չէ, որ գործունեություն է ծավալում։ Դեռևս 2022 թվականի փետրվարին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Ախալքալաք քաղաքում սկսել է գործել «Թումո տուփ» կրթական մասնաճյուղը՝ «Թումոյի» և Հայ օգնության միության Ջավախքի մասնաճյուղի համագործակցությամբ։

Ախալքալաքի մասնաճյուղի կրթական մոդելը նախատեսում է ինքնուրույն ուսուցում տեղում, ինչպես նաև մասնակցություն Գյումրիի «Թումո» կենտրոնում կազմակերպվող գործնական դասընթացներին և լաբորատոր աշխատանքներին։

Քութայիսիում լիարժեք «Թումո» կենտրոնի բացմամբ ընդլայնվում է հայկական կրթական ցանցի ներկայությունը Վրաստանում, որտեղ այն գործում է 2022 թվականից։

Աղբյուրը՝ vectornews.ge