կարևոր
658 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-15 23:37
Քաղաքական

Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային. Խաչատրյան

Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային. Խաչատրյան

Տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրել է․

«Առավոտվանից ադրբեջանական քարողչամիջոցները հերթական հակադաշնակցական բարբաջանքն էին տարածում, թե իբր 1918 սեպտեմբերի 15-ին հերոսական ադրբեջանցի ժողովուրդը Բաքուն ազատագրել էր բոլշևիկա-դաշնակցական խունտայից ու դրանով ապահովել էին Ադրբեջանի անկախությունը։ Շիզոֆրենիա․․․

Բայց ադրբեջանական վայրահաչոցները չէին կարող իրենց աջակցությունը չստանալ Հայաստանում՝ իրենց գործընկերների կողմից։ ՔՊ-ական Արման Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային։ Նա ոչ միայն մեզ մեղադրեց Հայաստանում հանրակրթության խայտառակ վիճակի համար՝ մեռանալով, որ 8 տարուց ավել իրենք են իշխանությունը, այլև սպառնալով վերացնել դաշնակցականությունը և երազելով, որ Քրիստինե Վարդանյանը դառնա վերջին դաշնակցական պատգամավորը։ Հաշվի առնելով Եղոյանի հանգամանքը՝ սա ոչ այլ է եթե ոչ բռնության քարոզ, դասական երիտթուրքական ֆաշիզմ՝ ռազմական կոմունիզմի հավելումով․․․․ Եղոյանին հիշեցնեմ, որ սուլթանն ու ցարը, երիտթուրքերն ու բոլշևիկներն են պայքարել Դաշնակցության դեմ։ Դրանք էլ չկան, իսկ մենք կանք։

ԱԺ-ի ամբիոնից կարդացի Կռիլովի «Փիղն ու շնիկը» առակը։ Վերջին տողերը ևս մեկ անգամ հիշեցնեմ (1938 թվականի հրատարակություն է, այն ժամանակվա ուղղագրությամբ)․

«Եհ, խայտառակ մի՛ անի քեզ,—

Ասաց մի շուն,— դու ի՞նչ ես վոր փղին հաղթես.

Տե՛ս, թե վոնց ես դու խռպոտում, բայց իր ճամփան

Անց է կենում նա անխափան,

Քո հաջոցն ել չի նկատում»:

«Վա՛հ, տնաշեն,— շնիկն ասաց,—

Յես ել եդքան չարչարվում եմ, ինձ կտրատում,

Վոր հենց եսպես—կռիվ չարած

Անուն հանեմ իբրև հայտնի մի կռվարար:

Թող շներն ել պատմեն իրար—

Այ, քեզ շնիկ, տեսեք հապա ինչ քաջ ե նա,

Վոր հաջում ե փղի վրա»:»

Հ․Գ․ Տանը ևս մեկ անգամ նայեցի Եղոյաին էքստազային դերակատարումը։ Անհաջող, շատ անհաջող փորձում է նմանակել Փաշինյանին։ Հո՞ զոռով չի, Փաշինյանի մամուլի քարտուղարն է եղել»։

Հիշեցնենք՝ այսօր Ազգային Ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ Կառավարության անդամի երդման տեքստը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին օրենքի նախագծի քննարկումը վերածվեց քաղաքական բախման։ ՔՊ-ական Արման Եղոյանն, անդրադառնալով երդման տեքստի «Հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության» դրույթին, քննադատությամբ հարձակվեց ՀՅԴ-ի վրա՝ հայտարարելով, թե այդ նպատակների համար անհրաժեշտ է «դաշնակցականությունն արմատախիլ անել հայ քաղաքական մտքից» և հավելեց, որ «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»։

Ի պատասխան՝ Քրիստինե Վարդանյանը նշեց․ «Ինչքան էլ տարօրինակ լինի, պարո՛ն Եղոյան, շնորհակալություն ձեր անկեղծության համար, շնորհակալություն ձեր դիմակները պատռելու համար, որովհետև դուք ինչքան պայքարեք դաշնակցականության և Դաշնակցության դեմ, Դաշնակցությունը այնքան ուժեղանալու է։ Դուք այս ամբիոնից ունեցաք բառացիորեն և տառացիորեն ֆաշիստական ելույթ: Այո՛, ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մի հայ՝ այսպես օրինակ, որ տենց բան եղել է, դուք բառացի նույնը կրկնեցիք, բառացի։ Բայց ինչպես թուրքերը իրենց ծրագրում չեն հաջողել, նույնը չեք հաջողելու դուք: Ես մի տերմին եմ մտածել ձեզ համար, որը, կարծում եմ, ձեզ ամենալավն է բնութագրում․ դուք երիտբոլշևիկներ եք: Դուք երիտբոլշևիկներ եք, դուք ունեք նույն թիրախները, ինչ որ երիտթուրքերը, և նույն գործիքակազմը, ինչ որ բոլշևիկյան մտածողությունը: Շնորհավորում եմ, կարող եք այսուհետ ձեզ դիմել որպես երիտբոլշևիկներ: Եվ իրականում, գիտեք, 135 տարվա ընթացքում որքան արմանեղոյաններ են եղել, ձեզնից ավելի մեծ ուժեր են պայքարել Դաշնակցության դեմ: Փորձե՛ք, փորձե՛ք, կրկնում եմ, դուք դրանով միայն մեզ ուժեղացնում եք»։