Միասին կարող ենք
կարևոր
706 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-14 15:59
Հասարակություն

Արագածոտնի թեմը միասնական ժամերգության էր մեկտեղվել

Արագածոտնի թեմը միասնական ժամերգության էր մեկտեղվել

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Պահքի խորհրդավոր այս շրջանում Արագածոտնի թեմի հոգևոր դասը, շարունակելով Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ թեմում կազմակերպված միասնական աղոթքները, մեկտեղվել էր Քուչակի Սուրբ Աստվածածին եկեղեցում հանգստյան ժամերգության:

Թեմի հոգևորականներին աղոթակից էին նաև Արթիկի թեմի քահանա հայրեր:

Հավատացյալները միասնաբար աղոթք բարձրացրեցին հանիրավի անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդի, հոգևոր հայրերի, անազատության մեջ գտնվող զավակների, գերության մեջ պահվող հայորդիների, ինչպես նաև հայրենիքի խաղաղության, մեր Սուրբ Եկեղեցու անսասանության, Հայոց Հայրապետի և ողջ հոգևոր դասի համար։

Միաբանությամբ բարձրացված աղոթքը դառնում է այն զորությունը, որով ժողովուրդը հավատով ու հույսով կանգնում է Տիրոջ առաջ։

Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Քուչակի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Սարգսյանը:

Տեր Հայրն իր խոսքում անդրադարձ կատարեց առաջիկա Դատավորի կիրակիին և պատգամեց հավատավոր ժողովրդին անդադար աղոթքի մեջ լինել՝ մեջբերելով Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետի խոսքերը. «Աղոթքից զորեղ զենք չկա, աղոթքը անկարելին կամ անհնարը հնարավոր է դարձնում»:

Տեր Հայրն հորդորեց ներկաներին առավելապես աղոթել Սուրբ Եկեղեցու և հոգևոր դասի անսասանության համար:

Միասնական ժամերգությունն ավարտվեց Հայր Սուրբ Պահպանիչ աղոթքով։

Հաջորդ միասնական աղոթքը տեղի կունենա մարտի 20-ին՝ ժամը 19:00-ին, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում: