կարևոր
511 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-28 11:29
Հասարակություն

«Չզիջենք հավատքի նկատմամբ ոչ մի տեսակ ոտնձգության». Արագածոտնի թեմը միասնական աղոթքի էր մեկտեղվել

«Չզիջենք հավատքի նկատմամբ ոչ մի տեսակ ոտնձգության». Արագածոտնի թեմը միասնական աղոթքի էր մեկտեղվել

Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ՝ թեմը երեկ միասնական աղոթքի էր մեկտեղվել Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում:

Հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի՝ Սուրբ Խաչ եկեղեցում կատարվել է միասնական ժամերգություն: Թեմի հոգևոր դասն ու հարյուրավոր հավատացյալներ միասնական աղոթք են բարձրացրել առ Բարձրյալն Աստված Հայոց Հայրապետի կենաց արևշատության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, այս օրերին անաատության մեջ հանիրավի գտնվող թեմի Բարեխնամ Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Բագրատ և Միքայել Սրբազանների, Գարեգին քահանայի, անազատության մեջ գտնվող բոլոր հայորդիների համար:

Ժամերգության ավարտին ներկաներին իր խոսքն է ուղղել Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր սպասավոր՝ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Քոչարյանը: Տեր Հայրը պատգամել է ներկաներին այս օերին, առավել քան երբևէ, ապրել աղթական կյանքով, հավատարիմ մնալ Սուրբ Եկեղեցուն։

«Այս ճանապարհը մեզ համար կարևորենք՝ հաստատուն, հավատարիմ ու միախորհուրդ լինենք, չզիջենք հավատքի նկատմամբ ոչ մի տեսակ ոտնձգություն, որ կփորձվի ավարտել մեր Աստվածպաշտությունը, մեր հայրերի ժառանգած այս սրբազան ճանապարհը: Եվ այս պայքարը մարմնի կռիվ չէ. այս պայքարը միախորհուրդ լինել և աղոթելն է, միասին խնդրելն է նույն բանի համար: Թող Տերը զորացնի և հաստատահիմն դարձնի, որպեսզի Պողոս առաքյալի խոսքը մեզ համար կատարվի, որ ասաց. ‹‹Ձեր անունները գրված է Աստծո գրքում»: Մենք երանելի կլինենք, որ այս փորձությունների և դժվարությունների մեջ մեր ճանապարհը հանգեցնի նրան, որ մենք Տիրոջ Արքայության գրքի մեջ գտնենք մեր անունները»,- նշել է Տեր Հայրը։

Միասնական ժամերգությունն ավարտվել է Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով:

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցում: