կարևոր
655 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-15 13:05
Աշխարհ

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սոչիի վրա. տուժել է երկու մարդ

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սոչիի վրա. տուժել է երկու մարդ

Փետրվարի 15-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա։ Կան տուժածներ ու շինությունների վնասվածքներ։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնտրատևը։

Հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, որոնք հոսպիտալացվել են։

Կոնդրատևի խոսքով՝ Թեմրյուկի շրջանի Վոլնա գյուղում վնասվել է նավթի բաք, պահեստ ու տերմինալներ։ Նա իրավիճակը բնութագրել է որպես «բարդ»։ Վնասվել է նաև Յուրովկա գյուղի կաթսայատունը։

Սոչիում անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու ընթացքում վնասվել է մասնավոր տուն, պատուհանները կոտրվել են, իսկ ջեռուցման համակարգը վնասվել։ Հարձակման ժամանակ տագնապի ազդանշաններ են հնչել Սոչիում ու Նովոռոսիյսկում։ Դագոմիսի և Ադլերի բնակիչները հայտնել են երկնքում բարձր ձայների մասին։

Անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով երեկոյան սահմանափակումներ են մտցվել Կրասնոդարի, Սոչիի և Գելենջիկի օդանավակայաններից ինքնաթիռների ժամանման և մեկնման վրա: Վլադիկավկազի, Գրոզնիի, Մագասի և Վոլգոգրադի օդանավակայանները նույնպես փակվել են գիշերը: Ռոսավիացիայի խոսնակի խոսքով՝ առավոտյան բոլոր սահմանափակումները վերացվել են։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը Ազովի և Սև ծովերի, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Ղրիմի և Կուրսկի մարզի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 68 անօդաչու թռչող սարք: