|
Փոխարժեքներ
16 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.42 |
| EUR | ⚊ | € 441.46 |
| RUB | ⚊ | ₽ 4.8278 |
| GBP | ⚊ | £ 509.18 |
| GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կարբիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նշվել է Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը։
Քարոզի ժամանակ Տեր Վրթանես քահանան հիշեցրել է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիա կատարած իր ուխտագնացության ընթացքում Հովհաննես Մկրտչի մասունքները բերել է Հայաստան և ամփոփել մի վայրում, որտեղ գոյություն ունեն ինը աղբյուրներ։
Հետագայում այդ մասունքներից մեկի վրա կառուցվել է Մշո Սուրբ Կարապետի վանքը, իսկ ժամանակի ընթացքում Հովհաննես Մկրտչի մասունքների վրա հիմնվել է շուրջ 200–206 եկեղեցի։
Նրանց թվում են եղել Արցախի Գանձասարի վանքը, որտեղ ամփոփված էր Հովհաննես Մկրտչի գանգը, ինչպես նաև մասունքակիր Մաստարայի, Ոսկեվազի և Օհանավանի Սուրբ Հովհաննես եկեղեցիները։ Այս պատմական ու հոգևոր ժառանգության համատեքստում այսօր նշվում է Հովհաննես Մկրտչի սուրբ ծնունդը։
Տեր Վրթանեսը նշել է, որ այս օրը նաև թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության օրն է, սակայն ցավով ընդգծել է, որ վերջինս ներկայումս ապօրինի կերպով գտնվում է կալանավայրում։
«Թեպետ մեր սիրելի թեմակալ առաջնորդը ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն կալանավայրում լինելով՝ անդադար աղոթում է մեզ համար, և մենք խորապես զգում ենք նրա ներկայության պակասը»,– ասել է նա։
Քարոզի ընթացքում հավատացյալները աղոթել են նաև կալանավայրում գտնվող Միքայել արքեպիսկոպոսի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, ինչպես նաև տնային կալանքի տակ գտնվող Տեր Գարեգինի և տիկին Նաիրա Ալավերդյանի համար։
Տեր Վրթանեսը շեշտել է, որ Հովհաննես Մկրտչի տոնի խորհուրդը հավատացյալներին կոչ է անում ապրել արդարությամբ, սրբությամբ, ժուժկալ և սակավապետ կյանքով՝ չվախենալով քարոզել Տիրոջ խոսքը և մարդկանց առաջնորդել դեպի ապաշխարություն։
«Հովհաննես Մկրտչի բարեխոսությամբ վստահ ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը կպահպանի մեզ բոլորիս, և Աստծո օգնությամբ կկարողանանք հաղթահարել այս դժվարին շրջանը»,– նշել է նա։
Քարոզում անդրադարձ է եղել նաև հայկական սրբավայրերի ներկայիս վիճակին։ Տեր Վրթանեսը ցավով նշել է, որ Մշո Սուրբ Կարապետի վանքը գտնվում է կիսաավերված վիճակում, Գանձասարի վանքը՝ ադրբեջանական վերահսկողության ներքո, իսկ Հովհանավանքը փաստացի գերության մեջ է, որտեղ վերջին շրջանում օրինական պատարագներ չեն մատուցվում։
Նրա խոսքով՝ անվտանգության նկատառումներից ելնելով և բախումներ թույլ չտալու համար, այսօր Հովհանավանք նախատեսված ուխտագնացությունը չի կայացել։