կարևոր
598 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-22 18:41
Աշխարհ

Լեհաստանում փակվել է Ռուսաստանի վերջին գլխավոր հյուպատոսությունը

Լեհաստանում փակվել է Ռուսաստանի վերջին գլխավոր հյուպատոսությունը

Լեհաստանի Գդանսկ քաղաքում, փակվել է Ռուսաստանի վերջին գլխավոր հյուպատոսությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Այսպիսով, այժմ Լեհաստանի տարածքում ռուսաստանցիների և օտարերկրյա քաղաքացիների հյուպատոսական սպասարկումը հնարավոր է միայն Վարշավայում գտնվող դեսպանատան հյուպատոսական բաժնում։

Նոյեմբերի կեսերին Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսական ներկայացուցչության աշխատանքի թույլտվությունը հետ կանչելու որոշման մասին։ Այս որոշման պատճառ էր դարձել Լեհաստանից Ուկրաինա տանող երկաթգծի վնասումը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ լեհական հետաքննության տվյալներով՝ երկաթգծի վրա դիվերսիա են կատարել Ուկրաինայի երկու քաղաքացի՝ Ռուսաստանի հետ համագործակցությամբ։

Նոյեմբերի վերջին Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հաղորդեց, որ Լեհաստանի դեսպանին նոտա են հանձնել Իրկուտսկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսության աշխատանքի թույլտվությունը 2025 թ. դեկտեմբերի 30-ից հետ կանչելու մասին՝ որպես Լեհաստանի իշխանությունների կողմից Գդանսկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության գործունեության թույլտվությունը հետ կանչելու պատասխան միջոց։

2024 թ. հոկտեմբերին Լեհաստանը փակել է Պոզնանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, իսկ 2025 թ. մայիսին՝ Կրակովում գտնվող գլխավոր հյուպատոսությունը։ Ի պատասխան՝ Ռուսաստանը հետ է կանչել Սանկտ Պետերբուրգում և Կալինինգրադում Լեհաստանի հյուպատոսությունների աշխատանքի թույլտվությունը։