կարևոր
475 դիտում, 51 րոպե առաջ - 2025-12-10 21:01
Քաղաքական

Մենք կարող ենք տեր կանգնել մեր իրավունքներին․ Էլինար Վարդանյան

Մենք կարող ենք տեր կանգնել մեր իրավունքներին․ Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է․

«Մարդու իրավունքների միջազգային օր…

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների միջազգային օրն է՝ հիմնված իրավունքների և ազատությունների մասին համամարդկային արժեհամակարգի և երազանքների վրա: Թե ինչպես են պաշտպանվում մարդու իրավունքների մասին երազանքները և սկզբունքները մեր երկրում, դատեք ինքներդ.

  • Հայաստանում բազմաթիվ մարդիկ ենթարկվում են քաղաքական հետապնդման: Ամեն անգամ, երբ փորձում եմ ամբողջականացնել հետապնդման ենթարկվողների թիվը, հայտնվում են նոր հրապարակումներ՝ նոր քրեական վարույթների, նոր հետապնդումների մասին: Իսկ որքան մարդիկ են անցնում գործերով, որոնց մասին հանրությունը չգիտի, որոնց մենք չենք ճանաչում:
     
  • Հայաստանում մի քանի տասնյակ մարդ կալանավայրերում է: Կալանավորված են կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ՝ իրենց գաղափարների, խոսքի ու դիրքորոշման համար:
     
  • Կալանավորված են բարձրաստիճան հոգևորականներ՝ չորս եպիսկոպոս, ինչն աննախադեպ է եկեղեցու հանդեպ խորհրդային ռեպրեսիաներից  հետո:
     
  • Հայաստանին հսկայական աջակցություն ցուցաբերած բարերարներից մեկը Երևանի կալանավայրում է, մյուսը՝ Բաքվի բանտում: Իսկ Բաքվում ռազմագերու կարգավիճակում հայտնվածների մասին իշխանության ներկայացուցիչներից ասում են՝ ո՞վ էր իրենց ստիպել գնային Բաքվի բանտ:
     
  • Կալանավորվում են իրավապաշտպան-փաստաբանները: Փորձ է արվում ստեղծել մթնոլորտ, որտեղ կզսպվի իրավապաշտպանների ակտիվությունը:
     
  • Մարդիկ բերման են ենթարկվում, իսկ հետո կալանավորվում են հավաքների ազատության իրենց իրավունքից օգտվելու և այս իշխանության որոշումների հետ զանգվածային անհամաձայնություն արտահայտելու համար՝ զանգվածային անկարգություն, խուլիգանություն և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածներով։
     
  • Մարդիկ հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում ընդամենը արտաբերած խոսքի կամ գրառման համար:
     
  • Գրաքննվում է մարդկանց գրառումները սոցիալական ցանցերում, գրաքննվում է նույնիսկ պատարագը:
     
  • Մարդկանց գաղտնալսում և տեսագրում են օրինական և հակաօրինական բոլոր եղանակներով: Ժուչոկները դարձել են մեր առօրյայի անբաժանելի մաս: Գաղտնալսում են և ընդդիմադիրներին, և յուրայիններին: Ապօրինի ձեռք բերված ձայնագրությունները օգտագործվում են շանտաժի, մարդկանց վարկաբեկելու, քրեական գործեր հարուցելու նպատակով:
     
  • Ոտնձգության են ենթարկվում լրատվամիջոցներն ու լրագրողները:
     
  • Եկեղեցին քանդելը դարձել է այս իշխանության իդեա ֆիքսը: Ոտնահարվում է եկեղեցու անկախությունը և եկեղեցու ինքնավարությանը միջամտելու արգելքը:
     
  • Խախտվել է խաղաղ համակեցության իրավունքը: Հասարակության մեջ նոր բաժանում է մտցվել: Այլևս արդի չէ սև-սպիտակ, նախկին-ներկա, եվրոպամետ-ռուսամետ տարանջատումը: Ցավոք այսօր հասարակությունը բաժանվել է պայքարողների և կոլաբորացիոնիստների, առայժմ լռողների։

Այսպիսին է մարդու իրավունքների միջազգային օրը հայաստանյան իրականությունում: Մենք դեկտեմբերի 10-ը դիմավորում ենք իրավունքների տոտալ խախտումների և արժեզրկման պայմաններում: Բայց մենք կարող ենք տեր կանգնել մեր իրավունքներին: Ընդամենը պետք է օգտվել այսպիսի իշխանություն չունենալու իրավունքից»: