կարևոր
1258 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-22 12:54
Հասարակություն

Միքայել Սրբազանի դատավճռի բողոքարկումը և Վերաքննիչ դատարանից 2 տարի 6 ամսով ազատազրկման պատիժ պահանջելը խորապես մտահոգիչ է. պատգամավոր

Միքայել Սրբազանի դատավճռի բողոքարկումը և Վերաքննիչ դատարանից 2 տարի 6 ամսով ազատազրկման պատիժ պահանջելը խորապես մտահոգիչ է. պատգամավոր

Շիրակի մարզից պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանն անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի դեմ իրականացվող գործողություններին` նշելով.

ՀՀ դատախազության կողմից Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճռի բողոքարկումը և վերաքննիչ դատարանից 2 տարի 6 ամսով ազատազրկման պատիժ պահանջելը խորապես մտահոգիչ և անհիմն քայլ է, որը միանշանակորեն դիտարկվում է որպես քաղաքական հետապնդում։

Սրբազանի դեմ հարուցված և ակնհայտորեն ապօրինի քրեական գործը սկզբնապես ունեցել է հստակ նպատակ՝ նրան հեռու պահել իր համայնքից, զրկել հասարակությանը հնչող իր ուղերձներից և սահմանափակել նրա ազդեցությունը հանրային կյանքի վրա։ Սա ոչ միայն անհատական հաշվեհարդար է, այլև արժեքային և գաղափարական հարված՝ ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային ինքնության հիմքերին։

Երբ իրավական համակարգը դառնում է քաղաքական պատվերների սպասարկու, իսկ դատարանները՝ ճնշման գործիք, ապա խոսել արդարությունից կամ իրավական պետությունից այլևս անհնար է։

Ես վճռականորեն դատապարտում եմ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ իրականացվող այս գործընթացը՝ այն գնահատելով որպես իրավական համակարգի քաղաքականացման, ազգային ու հոգևոր արժեքների դեմ ուղղված վտանգավոր նախադեպ։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր և պետականության հենասյունը։ Եկեղեցու դեմ ուղղված ցանկացած քայլ միաժամանակ հարված է ազգային ինքնությանը և պետականության հիմքերին։

Արդարությունը չի կարող լինել ընտրովի։

Այն կամ գոյություն ունի բոլորի համար, կամ առհասարակ գոյություն չունի։