կարևոր
2182 դիտում, 9 ժամ առաջ - 2025-07-22 12:01
Քաղաքական

Թուրքիայում ոտաբոբիկ մզկիթ մտնողը ոստիկաններին ու «Ալֆա» ջոկատին ուղարկում է Վեհարան․ Գառնիկ Դանիելյան

Թուրքիայում ոտաբոբիկ մզկիթ մտնողը ոստիկաններին ու «Ալֆա» ջոկատին ուղարկում է Վեհարան․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.

«2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից Փաշինյանը բացականչում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Օրերս նույն վայրից Ադրբեջանի նախագահը սպառնում էր Հայաստանին, որ ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների երեսը տեսնեն, և որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ գործընթացն արգելափակելու պարագայում մեր պետությունը կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլև քաղաքական մեկուսացման մեջ։

Մեզ այս իրավիճակին հասցնողը շարունակում է խոնարհվել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների առաջ՝ բերելով նորանոր կորստաբեր զիջումներ։ Ալիևի՝ ամենօրյա դարձած ծաղրին չհակադարձող այս անձնավորությունը միայն ի զորու է ճնշումներ բանեցնելու սեփական քաղաքացիների նկատմամբ։

Հոգևոր դասի բարեվարքությունը քննելու քողի տակ այս կեղծ հավատացյալը ցանկանում է հեղինակազրկել ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշն ու վստահությունը վայելող կառույցը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։

Եվ որքան ավելանում են Ալիևի ու Էրդողանի պահանջները, այնքան ուժգնացնում է հակաեկեղեցական հիստերիան՝ սպասելով թշնամու հերթական գովասանքին։

Խոսում է խոստումնազանցության մասին, մինչդեռ ինքն է ամեն օր դրժում իր երբևէ տված խոստումները։

Թուրքիայում ոտաբոբիկ մզկիթ մտնողը ոստիկաններին ու «Ալֆա» ջոկատին ուղարկում է Վեհարան։

Սույն անձը չունենալով կարմիր գծեր՝ պատրաստ է ամեն տեսակի հակաբարոյական և հակասահմանադրական գործողության։

Լիահույս եմ, որ մեր հայրենակիցները շատ լավ գիտակցում են այս արշավի իրական նպատակը, չեն տրվում կեղծ օրակարգերին, և անհրաժեշտության դեպքում կանգնելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին՝ իրենց ներկայությամբ պաշտպանելու հայոց հոգևոր կենտրոնը»։