կարևոր
4039 դիտում, 1 օր առաջ - 2025-06-10 15:40
Հասարակություն

Ինչպե՞ս է 243 ուսանողը Ամանորին դարձել 2533. Ժաննայի հիմնարկի պատասխանը

Ինչպե՞ս է 243 ուսանողը Ամանորին դարձել 2533. Ժաննայի հիմնարկի պատասխանը

Yerkir.am-ը ուսումնասիրել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կայքը և պարզել է մի հետաքրքիր տեղեկատվություն, ըստ որի` համալսարանի առկա ուսուցման համակարգում ուսանողների թիվը 2025 թվականի հունվարի 3-ի դրությամբ կազմում է շուրջ 2533:

Ըստ համալսարանի պաշտոնական տեղեկատվության` միասնական քննությունների արդյունքում առկա ուսուցման համակարգ 2021 թ. ընդունվել է 90, 2022 թ.՝ 41, 2023 թ.՝ 60 դիմորդ:

Անցած տարի ընդունվել է 52 դիմորդ: Ստացվում է, որ 2021-2024 թթ. ագրարային համալսարան ընդունվել է ընդամենը 243 դիմորդ:

Եվ թե ինչ հրաշքով է 243 ուսանողը 2025 թվականի հունվարի 3-ին դարձել 2533, թերևս կիմանան միայն ԿԳՄՍ նախարար, ակադեմիական քաղաքի կառուցման երախտավոր Ժաննա Շինարարն ու ռեկտոր Հրաչյա Զաքոյանը:

Yerkir.am-ը հարցում է ուղարկել ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանին`  խնդրելով ներկայացնել, թե 2025 թ. հունվարի 3-ի դրությամբ ըստ կուրսերի ո՞ր մասնագիտություններում են սովորում առկա համակարգի 2533 ուսանողները:

Yerkir.am-ը ստացել է Արաքսյա Սվաջյանի պատասխանը հետևյալ բովանդակությամբ. «Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողների վերաբերյալ տեղեկատվությունը առ 05.06.2025 թ.` համաձայն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով և ՀՀ պետական բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների ինքնավարության և ակադեմիական ազատության սկզբունքներով՝ Դուք կարող եք դիմել Հայաստանի ազգային ագրարային համալսարան և ստանալ Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը»:

Տիկի՛ն Արաքսյա, Yerkir.am-ը ձեզանից համալսարանի քոլեջների սովորողների թիվ չի խնդրել: Պատասխանի երկրորդ մասը ընդհանրապես անհասկանալի է. ի՞նչ կապ ունի բուհերի ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը մեր հարցի հետ:

Փաստորեն, սանտեխնիկայի ոլորտում հայտնի տիկին Ժաննայի ղեկավարած նախարարությունում, ի դեմս տեղակալ Սվաջյանի, կամ ունեն խնդիրներ հայերեն մտքերի հետ, քանզի հարցն ու պատասխանը իրար հետ ընդհանրապես կապ չունեն, կամ խուսափում են ներկայացնել ագրարային համալսարանի առկա համակարգում սովորողների իրական թիվը: