կարևոր
2644 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-28 12:44
Քաղաքական

Ադրբեջանի հետ ի՜նչ կոմպրոմիս․ Արթուր Մոսիյան․ «Հրապարակ»

Ադրբեջանի հետ ի՜նչ կոմպրոմիս․ Արթուր Մոսիյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Արցախի շրջափակումը ձգվում է ավելի քան երկու շաբաթ, եւ ամեն օրն ավելի է հեռացնում խնդրի լուծումը։ Հայկական կողմը հույս ուներ, որ միջազգային հանրության ճնշման ներքո Լաչինի միջանցքը փակած Ադրբեջանը կընկրկի, իսկ ռուս խաղաղապահներին ուղղված քննադատություններն էլ վերջիններիս կմղեն ակտիվ քայլերի՝ իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում, պարզվեց՝ ապարդյուն։ Ո՛չ միջազգային հանրությունը կտրուկ միջոցների գնաց՝ սանկցիաների տեսքով, ո՛չ էլ ՀՀ իշխանությունների եւ ակտիվ քաղհասարակության հայտարարություններն ու ռուսների դեմ ուղղված մինիակցիաներն են արդյունք տալիս։ Քանի որ Ռուսաստանն այլեւս չունի երբեմնի ազդեցությունը եւ, ուկրաինական ճակատում իր ոչ այնքան ամուր դիրքերով պայմանավորված, չի կարողանում առճակատման գնալ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ։

Փորձագետների գնահատմամբ՝ ՌԴ-ն մեր հաշվին փոքրիկ զիջումների գնալով՝ փորձելու է ժամանակ ձգել, մինչեւ Ուկրաինայում իրավիճակը հանգուցալուծվի։ Իսկ զիջումներից մեկը կարող է լինել, ասենք, Լաչինի միջանցքում ադրբեջանական պահանջով ռենտգեն սկաներ սարքերի տեղադրումը, որոնցով կվերահսկվեն Արցախ մտնող բոլոր մեքենաներն ու բեռները։ 
Երեկ Արցախում հերթական նմանօրինակ ակցիան տեղի ունեցավ։ Մի քանի տասնյակ արցախցիներ, որոնց թվում՝ «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը, Ստեփանակերտից երթով գնացին Իվանյան համայնք, որտեղ տեղակայված է ռուս խաղաղապահների հրամկազմը, եւ ճանապարհի փակ մնալու մասով որոշակի բացատրություններ պահանջեցին։

Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ իշխանական վերնախավում ստեղծված իրավիճակից որոշակի հետեւություններ են արել եւ եռակողմ բանակցություններում գուցե որոշ կոմպրոմիսի գնան։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից բնապահպան ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակեցին ճանապարհը՝ այն պատճառով, որ Արցախն արգելել էր ադրբեջանցի «մասնագետներին» այցելել Արցախում գտնվող Կաշենի հանք եւ, իբր, առաջացած խնդիրների հետ կապված մոնիթորինգ իրականացնել հանքում։ Այս ընթացքում մի քանի անգամ եռակողմ բանակցություններ էին ընթացել՝ Արցախի իշխանությունների որոշ ներկայացուցիչների, ռուս խաղաղապահների եւ ադրբեջանցիների մասնակցությամբ, բայց կողմերը մնացել էին իրենց դիրքորոշմանը․ արցախյան կողմը չէր համաձայնել՝ մասնագետներին թույլ տալ հանք այցելել, քանի դեռ ճանապարհը չի բացվում, ադրբեջանցիներն էլ հայտարարել էին, թե չեն պատրաստվում ճանապարհը բացել, քանի դեռ թույլ չեն տվել, որ մոնիթորինգի խումբը բարձրանա հանքեր։ Իսկ ռուս խաղաղապահներն էլ արցախցի պաշտոնյաների հետ առանձին զրույցներում փոխանցում են, որ իրենք չեն կարող «բնապահպաններին» հեռացնել ճանապարհից, քանի դեռ իրենց վերեւներից չեն ստացել նման հրահանգ։ 

Բլոկադայի մեջ Արցախը չի կարող երկար դիմակայել, արդեն իսկ խնդիրներ կան պարենային ապրանքների, դիզվառելիքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մասով, ուստի մարդիկ հասկանում են, որ պետք է որոշակի կոմպրոմիսի գնալ, դիցուք՝ թույլ տալ մասնագետներին՝ այցելել Կաշեն։ Տեղեկացանք, որ առայժմ վերջնական որոշում չի կայացվել, իշխանության օղակներում քննարկում են լուծման ուղիները, կա կարծիք, որ «բնապահպաններն» Ամանորին ինքնակամ կհեռանան ճանապարհից՝ իբր մարդասիրական ժեստ անելով արցախցիներին՝ դիմավորելու Նոր տարին։ Սակայն առավել պրագմատիկները կարծում են, որ դա հարցի լուծում չի կարող լինել, եթե գնան էլ, ապա դա անելու են վերադառնալու պայմանով ու սպառնալով, որ նորից կփակեն ճանապարհը, քանի դեռ իրենց պահանջը կատարված չէ։

Քաղաքական շրջանակներում, մանավանդ՝ կուսակցություններում, այդուհանդերձ, հակված չեն գնալ, այսպես կոչված, կոմպրոմիսի, քանի որ վստահ են եւ տեսել են, որ Ադրբեջանի ախորժակն ուտելիս է բացվում։ ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ի՞նչ է նշանակում՝ գնալ կոմպրոմիսի․ իրենք ճանապարհը փակել են, նոյեմբերի 9-ի եռակողմ ճանապարհը փակել են, հիմա էլ պարտավոր են իրենք վերացնել այդ խախտումը»։ Իսկ եթե չեն բացո՞ւմ։ «Չեն բացում՝ թող չբացեն, ինչքան կարող ենք դիմանալ՝ կդիմանանք»։ Մոսիյանի կարծիքով, քանի դեռ ՀՀ իշխանություններն իրենց պահում են Կանադայի կամ այլ պետությունների իշխանությունների պես, այսպես էլ պետք է լինի․ «Ի վերջո, եռակողմ հայտարարության տակ արցախցիներս չենք ստորագրել, ստորագրել են Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը։

Հասկանալի է՝ Ադրբեջանը թշնամի պետություն է, Հայաստանը մեր անվտանգության երաշխավորն է, իսկ սա նաեւ Ռուսաստանի պատասխանատվության գոտին է, հիմա իրենք պարտավոր են իրենց պարտականությունները կատարել։ Չեն անում՝ ի՞նչ կոմպրոմիսի պիտի գնա ղարաբաղյան կողմը, լավ՝ այսօր գնաց, վաղը հնարավոր է էլի ճանապարհ փակեն։ Ամեն օր ի՞նչ կոմպրոմիսի հնարավոր կլինի գնալ»։ Պատասխանելով մեր հարցին՝ Մոսիյանն ասաց․ «Եթե մենակ պետք է թույլ տանք մասնագետների այցը Կաշեն, վտանգավոր չեմ համարում, բայց մենք վստահ չենք, որ դրանով կբավարարվեն։ Երկրորդ․ խախտումը պետք է վերացնեն, նոր նստենք քննարկենք, հակառակ դեպքում պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։