կարևոր
2836 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-12 14:19
Քաղաքական

Փաշինյանն Արցախի հետ Ալիևի լեզվով է խոսում. Արթուր Մոսիյան

Փաշինյանն Արցախի հետ Ալիևի լեզվով է խոսում. Արթուր Մոսիյան

Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է, եթե փակուղային հայտարարություն է համարում այն, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Ասուլիսի ժամանակ ասում էր՝ Արցախի իշխանություններն իրենք են որոշում իրենց ճակատագիրը, ես Արցախի հետ կապված ոչինչ չեմ որոշում, միայն աջակցում եմ, ուրեմն՝ թող աջակցի, Արցախի իշխանությունը և ժողովուրդը իրենց ճանապարհը ընտրել են: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն՝ անդրադառնալով այսօր Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարութանը, որ ԼՂ ժողովրդի ու իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ և պետք է խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից:

«Փաշինյանը երբ նշում է ոչ թե Արցախի Հանրապետություն ինքնորոշման իրավունք, այլ՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներ, դրանո՞վ է աջակցում մեզ: Ալիևի ու Փաշինյանի նույն ժամին ասուլիսը վկայում է, որ իրենք խոսում են նույն լեզվով»,- ավելացրեց Մոսիյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, Մոսիյանը ընդգծեց, որ դա իրատեսական չէ, եթե չկա միջազգային մեխանիզմների առկայություն. «Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո, Փաշինյանը Արցախը թողել է Ադրբեջանին դեմ հանդիման և ձեռքերը լվացել է»:

Անդրադառնալով Փաշինյանի այն դիտարկմանը, որ Ադրբեջանը ցանկանում է ռազմական էսկալացիայի գնալ, չպետք է անել գործողություններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի սադրիչ գործողություններին, Մոսիյանը պատասխանեց. «Արդեն 32 օր է Արցախը շրջափակված է և համարյա թե՝ սովի է մատնված, այսինքն ինչպե՞ս լուռ մնանք, լուռ մնանք ի՞նչ անենք, ի՞նչ է ուզում ասել:

Ինքը Ադրբեջանից ոչինչ չի պահանջում, դրա համար էլ մենք լուռ չենք մնում, հակառակը՝ ինքը մեր հետ Ալիևի լեզվով է խոսում: Այն, որ ռուս խաղաղապահներն անելիք ունեն և իրենց առաքելությունը չեն իրականացնում, դա փաստ է, բայց դա չի նշանակում, որ ինքն անելիք չունի, նույն ստորագրությունն ինքն է դրել այդ փաստաթղթի տակ: Եթե Արցախի ևՀայաստանի հարցում ոչինչ անել չի կարող, հարց է առաջանում՝ նստած է այդ աթոռին, որ ի՞նչ անի»: